ԴՈՆ ՊԻՊՈՅԻ ԳՈՐԾԸ «ՊԱՏՈՒՀԱՍ» Է ԴԱՐՁԵԼ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԳԼԽԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու գործը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել իրավապահ մարմիններին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է, ինչ իրավապահները չեն կարողանում հարցաքննության հրավիրել Արտյոմ Հարությունյանին՝ Արտյոմ Կանեւսկոյին:

Սպասողական
Ինչպես հայտնի է՝ մայիսի 24-ին իրավապահների կողմից կանխվել էր Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործընթացը: Մասնավորապես,մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանել էին սպասվող ծանր հանցագործությունը` անակնկալի բերելով Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկում գտնվող անձանց: Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել էին զենքեր եւ ռազմամթերք:
Սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն, եւ 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենքը պահելը, կրելը: Գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի:
Սակայն իրադարձությունները զարգացան այնպես, որ նախապատրաստվող սպանության հատկանիշներով հարուցված աղմկահարույց քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվեց ազգային անվտանգության ծառայություն, ինչն էլ ունեցավ իր հետեւանքները:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մեզ լուրեր են հասել, որ գործով կալանավորվածներից մեկը որոշել է ցուցմունքը փոխել: Ընդ որում, խոսքը հիմնական գործով անցնող անձանցից մեկի մասին է, որի ցուցմունքների հիման վրա կալանավորվել են այլ անձինք: Ամենայն հավանականությամբ, նրա վրա որոշակի ճնշումներ են եղել, ինչն էլ ուրիշների կալանավորման պատճառ է դարձել, ինչի հետեւանքով նա որոշել է այսպես փրկել իրավիճակը: Սակայն մինչ օրս դեռ տեղաշարժ չկա:
Իսկ գործով կալանավորվածներից մի քանիսն էլ մինչ օրս քրեակատարողական հիմնարկներում ամեն ինչ անում են՝ մենախցում մնալու համար: Նրանք վախենում են իրենց կյանքի համար, այդ իսկ պատճառով անգամ ամենածայրահեղ մեթոդներին են դիմում՝ հացադուլ եւ այլն, որպեսզի հանկարծ որեւէ մեկի հետ նույն պատժախցում չհայտնվեն: Օրինակ՝ այս գործով կալանավորված Արկադի Քոչինյանն արդեն ամենածայրահեղ մեթոդներին արդեն դիմել է:
Դոփում է տեղում
«Ժողովուրդ»-ին նախապատրաստվող մահափորձի նախաքննության ընթացքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես օրերս ԱԱԾ-ն դիմել է դատարան՝ երկարացնելու քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու գործով ներգրավված մեղադրյալների կալանավորման ժամկետը: Այս անգամ ԱԱԾ-ն գործով նոր հիմնավորումներ պետք է առաջ քաշեր, որպեսզի դրանք դատարանի համար հիմք հանդիսանային՝ մեղադրյալների կալանքի ժամկետը երկարաձգելու համար: Սակայն տեղեկություններ կան, որ գործով այդքան էլ լուրջ հիմնավորումներ չեն ներկայացվել դատարան, սակայն դատարանը, այնուամենայնիվ, բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը եւ գործով անցնող 4 մեղադրյալների մասով կայացրել է որոշում, համաձայն որի՝ նրանք կալանքի տակ պետք է մնան եւս երկու ամիս:
Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԱԱԾ-ն տեւական ժամանակ է` այդ քրեական գործով էական քննչական գործողություններ չի իրականացնում, ու չնայած կալանավորվածների կալանքի ժամկետը երկարաձգվեց, սակայն նախաքննությունը որպես այդպիսին դոփում է տեղում:
Արտյոմը չկա
Իսկ ինչու է հարուցված քրեական գործով նախաքննությունը կանգ առել: Ինչպես հայտնի է՝ իրավապահների կողմից այս բացահայտումից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ կալանավորվածները գտնվել են Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի վերահսկողության տակ: Լուրեր են պտտվում, որ Արտյոմ Կանեւսկոյի մերձավորները ապրիլյան ընտրությունների շրջանում բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել, սատարել իշխող ուժին ու որպես փոխհատուցում կարծել են՝ կարող են «մարսել» 1-2 սպանությունը:
Ըստ էության այս եւ այլ վարկածները ստուգելու համար իրավապահները փորձել են հարցաքննության հրավիրել Արտյոմ Հարությունյանին՝ Արտյոմ Կանեւսկոյին, սակայն մինչ օրս փորձերը անցել են ապարդյուն, եւ իրավապահներին չի հաջողվում գտնել եւ կանչել հարցաքննության: Ամենայն հավանականության, սա է պատճառ դարձել, որ գործը դոփում է տեղում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏՈՒՆԸ
Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի` Ուդոյի տան գողության փաստի առթիվ հարուցված քրեական գործից անցել է մեկ ամիս, սակայն մինչ օրս իրավապահները չեն հայտնաբերել հանցագործին: Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի մայիսի 29-ին ոստիկանության Սեւանի բաժնում հայտարարություն էր տվել Սեւան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակչուհի, 62-ամյա Հռիփսիմե Գույումջյանը եւ հայտնել, որ մայիսի 18-29-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի 20 հասցեում գտնվող իր առանձնատան մուտքի ձախ կողմի ճաղավանդակը կոտրելու միջոցով ներս են մտել տուն եւ այնտեղից հափշտակել մեծ քանակի խմիչքներ, 1 հատ կանացի, ադամանդե 10 քարերով պատված արծաթագույն ժամացույց, 6 կտոր ոսկյա եւ արծաթյա զարդեր եւ մի քանի հատ ճամպրուկ: Պարզվել էր, որ այդ տունը պատկանում է նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին` Ուդոյին:
Իհարկե, գողություն կատարելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ու մինչ իրավապահները փորձում են պարզել, թե ով է եղել ենթադրյալ հանցագործը, որ մտել է նախկին քաղաքապետի տուն, «Ժողովուրդ» օրաթերթը Սեւան քաղաքում հետաքննություն իրականացրեց՝ հասկանալու համար, թե ով կարող էր լինել հանցագործը, ինչ թշնամիներ ուներ նախկին քաղաքապետը:
Սեւանցիներից շատերը մեզ հետ զրույցում չբացառեցին այն վարկածը, որ Սեւանի նախկին քաղաքապետի որդին կարող էր այդ քայլին գնալ. կողոպտել իրենց տունը եւ հեռանալ Ռուսաստանի Դաշնություն: Թե որքանով են սեւանցիների կասկածները տեղին, «Ժողովուրդ»-ը փորձեց նախ ՀՀ քննչական կոմիտեից պարզել, թե ինչ փուլում է գտնվում հարուցված քրեական գործ, եւ արդյո՞ք քրեական գործով կա կասկածյալ կամ մեղադրյալ: Ի պատասխան մեր հարցման՝ հայտնեցին. «Քննչական կոմիտեի՝ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում մայիսի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին»: Ասել է, թե իրավապահ մարմինները փնտրում են նախկին քաղաքապետի տունը կողոպտած անձին:
Զրուցեցինք նաեւ Սեւանի նախկին քաղաքապետի՝ Ռուդիկ Ղուկասյանի հետ՝ ճշտելու նրա ունեցած կասկածները, ինչպես նաեւ պտտվող վարկածների մասին ունեցած տեսակետը. «Բացարձակ աբսուրդ է, ո՞նց կարող է իմ տղան նման բան անել, սրիկա մարդիկ են խոսում, բամբասանք են տարածում, նման բան չկա, իմ որդին հունվար ամսից Ռուսաստանում է, նման բան չկա, սուտ է»:
Հուսանք, որ բնակարանային այս գողության դեպքը գոնե կբացահայտվի եւ չի դասվի այն գործերի շարքին, որոնք «գրվում են սառույցին»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀՈՂ Է ՆՎԻՐԵԼ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Հայ առաքելական եկեղեցին նոր հողատարածք կստանա Հայաստանի կառավարությունից: Իսկ կառավարությունը պատրաստվում է եկեղեցուն անհատույց իրավունքով տրամադրել գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող մոտ 5 հա-ից 1.4 հա-ը: Armlur.am-ը տեղեկացավ, որ Կաթողիկոսը պատրաստվում է կառուցել 1 ՄՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան եւ դրա շրջակայքում հիմնել զբոսայգի: Նշենք, որ Կաթողիկոսի նախընտրած տարածքը գտնվում է Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե վանքի հարեւանությամբ եւ կազմում է 1.4 հա: Այս հողատարածքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խնդրում է իրեն տալ անհատույց սեփականության իրավունքով: Բայց քննարկվող այս հողամասը հանդիսանում է պետական սեփականություն եւ ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում: Արդյունքում կառավարության կողմից մշակվել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է Էջմիածին քաղաքի Իսի-Լե-Մուլինո փողոցի 1 հասցեում գտնվող 1,4 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասը հետ վերցնել ԳՆ-ի «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից եւ անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

 

 

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» hամաձայնագրին ու վավերացրել Հայաստանի Հանրապետության օրենքը: Այն ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նշենք, որ հուլիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետդուման արդեն իսկ վավերացրել է վերը նշված համաձայնագիրը: Փաստաթղթի բացատրությունում նշված է, որ միացյալ զորախումբը նախատեսված է Կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգություն ապահովելու համար: Այն կոչված է կանխելու եւ հետ մղելու Ռուսաստանի եւ Հայաստանի դեմ հնարավոր զինված հարձակումը տարածաշրջանի սահմաններում: Զորախմբի խնդիրների մեջ է մտնում նաեւ երկու երկրների ցամաքային եւ օդային սահմանների պաշտպանությունը:

 

 

ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔ
Երեկ կառավարության նիստում որոշվել է նախապես սահմանված, որոշակի արժեքային մեծություն ունեցող պետական անշարժ գույքի օտարման գործընթացն իրականացնելու իրավասությունը վերապահել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը: Ըստ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի` դրա արդյունքում խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, ինչպես նաեւ կնվազի ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը: Նա նշել է, որ մինչ այս, պետական անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման մասին որոշումներն ընդունվում են ՀՀ կառավարության կողմից Պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ: «Մենք ձեզանից սպասում ենք ինտենսիվ գումարների մուտք»,-հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

 

ՆՈՐՄԱՅԻՑ ԲԱՐՁՐ
Հուլիսի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ 39-40 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:




Լրահոս