Իրանի ազգային գազային ընկերության միջազգային համագործակցության ղեկավար Բեհզադ Բաբազադեհն իր հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ու Իրանի միջեւ էներգետիկ համագործակցությանը: Ըստ նրա՝ Երեւանն ու Թեհրանը բանակցում են Հայաստան մատակարարավող իրանական գազի ծավալները 2,5 անգամ մեծացնելու շուրջ: Բայց այս դեպքում Իրանը ցանկանում է, որ Հայաստանն ավել գազի դիմաց վճարի ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ դրամով՝ միաժամանակ հնարավորություն ունենալով իրանական գազը հասցնել հայաստանյան սպառողներին: «Իհարկե, ընկերությունը նախընտրում է ուղղակի պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝ գազի առաքման ծավալները մեծացնելու համար, որպեսզի լրացուցիչ գազի դիմաց վճարվի ուղղակիորեն: Մենք քննարկումներ ենք ունեցել այդ կապակցությամբ: Իհարկե, Հայաստանը նախընտրում է ռուսական գազի զեղչված գինը, որը ցածր է եւ մեզ համար անընդունելի,- ասել է նա` հավելելով,- եթե Հայաստանը շահագրգռվածություն է ցուցաբերում Իրանից ավելի շատ գազ ստանալու հարցում, Իրանի ազգային գազային ընկերությունը, որպես գազի առեւտրով զբաղվող սուբյեկտ, կցանկանար այդ հարցով առանձին համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, որպեսզի գազի արտահանման դիմաց մենք դրամ ստանանք»:
Իրանը մեկ անգամ չէ, որ խոսում է Հայաստանին գազ վաճառելու պատրաստակամության մասին: Ավելին՝ ժամանակին իրանական կողմը չէր բացառել Հայաստանին գազն ավելի էժան գնով մատակարարելու տարբերակը. երբ 2013թ. «Գազպրոմ»-ը հանդես եկավ գազի սակագինը բարձրացնելու նախաձեռնությամբ, ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին հայտարարել էր, թե Իրանը գազը վաճառում է միջազգային գներով, սակայն բարեկամ երկրների համար գազի գինը կարող է նվազեցնել հազար խորանարդ մետրն ընդհուպ մինչեւ 100 դոլար, սակայն հայկական կողմը չի բանակցել իրենց հետ: Բայց Հայաստանն այս հարցով այդպես էլ չփորձեց բանակցել հարեւան Իրանի հետ. այդ մասին ժամանակին խոստովանել էր ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանը` նախորդ տարվա հունվարին ասելով. «Իրանի հետ գազի մատակարարման հետ կապված լուրջ բանակցություններ Հայաստանի եւ ԻԻՀ-ի հետ չեն տարվել»։
Բայց պատճառը ոչ թե հայ պաշտոնյաների չուզողությունն է, այլ նրանց կաշկանդում է ռուսական գործոնը: Կաշկանդում է այն աստիճան, որ չեն էլ փորձում փնտրել ռուսական գազին այլընտրանքային տարբերակ: Այնպես որ, «Գազպրոմ» ընկերությունը, որ Հայաստան գազի միակ մատակարարն է, երբեւէ թույլ չի տա գազի այլընտրանքային աղբյուր ունենալ: Եւ հետո, ըստ դեռեւս 2013թ. ստորագրված հայ-ռուսական գազային համաձայնագրերի՝ հայկական կողմը պարտավորություն է ստանձնել մինչեւ 2043 թվականը չընդունել որեւէ որոշում կամ օրենք, որը չի բխի «Գազպրոմ»-ի, ռուսական կողմի շահերից: Իսկ եթե Հայաստանն Իրանի հետ այս հարցում ջերմացնի հարաբերությունները, այդ ամենն ինքնաբերաբար կհակասի նշված համաձայնագրերին: