Աշնանային նստաշրջանին ընդառաջ. ինչ սպասել խմբակցություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերին մեկնարկելու է վեցերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը: Այսօրվանից արդեն իսկ խմբակցությունները հանդես են գալիս նոր օրենսդրական նախաձեռնություններով, որոնք էլ քննարկվելու են սեպտեմբերյան նստաշրջանում:

Դեռեւս ԱԺ օրակարգ չընդգրկված նախագծեր բաժնում 165 նախագիծ է առկա, որի մեծ մասը կրկին ներկայացված է կառավարության կողմից: Իհարկե, կան նախագծեր նաեւ, որոնք ներկայացվել են ԱԺ խմբակցությունների կողմից: Ուսումնասիրելով նախագծերը՝ հետաքրքիր իրողության ականատես եղանք. ՀՀԿ-ի կողմից ներկայացված նախագծերի մեծ մասում որպես նախաձեռնող ներկայացված է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը: Փաստորեն շարքային պատգամավոր դառնալուց հետո նա ակտիվացել է. երբ ԱԺ նախագահ էր, օրենք գրելու ժամանակ չուներ երեւի:

Օրենսդրական նախաձեռնությունների հարցում, թերեւս, ամենաակտիվը ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն է, որի կողմից միայն վերջերս արդեն երեք օրենսդրական նախաձեռնություն է շրջանառության մեջ դրվել: Դրանք վերաբերում են «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելուն, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն: Այս վերջին նախաձեռնությունը ենթադրում է այն, որ ԱԺ ցանկացած պատգամավոր կարող է այցելել կալանավորված անձի, եթե նույնիսկ նրա վրա տեսակցության արգելք է դրված:

ՀՅԴ-ի կողմից օրակարգ չընդգրկված նախագծերի ցանկում միայն մեկն է՝ Արմեն Ռուստամյանի կողմից «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մասին: Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր պատգամավոր կարող է ներկայացված լինել մեկ հանձնաժողովում, սակայն ՀՅԴ-ն ցանկանում է ամրագրել, որ եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու՝ մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Նկատենք, որ այս նախագիծը ելնում է հենց ՀՅԴ շահերից, քանի որ նրանց պատգամավորների թիվը 6-ն է, իսկ հանձնաժողովների թիվը՝ 9-ը:

Ինչպես արդեն նշեցինք՝ ՀՀԿ-ականներից օրենսդրական նախաձեռնությունների առումով ակտիվ է Գալուստ Սահակյանը: Դրանցից մեկը վերաբերում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը երկարաձգելուն, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված վճարը, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական պատասխանատվությունից:

Օրենսդրական նախաձեռնությունների առումով պակաս ակտիվ չէ նաեւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, նա եւս մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ է, որոնց քննարկումը նախատեսված է աշնանը: Դրանցից մեկը վերաբերում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելուն, որով ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրումների հաշվարկման մեխանիզմը կհամապատասխանեցվի նախագահի աշխատակազմի եւ կառավարության աշխատակազմի պետական ծառայողների համար սահմանված պարգեւատրման մեխանիզմներին:

Իհարկե, այսքանով նախաձեռնությունները չեն սահմանափակվում, իսկ աշունն էլ շատ առումներով խոստանում է թեժ լինել: Տեսնենք, թե ինչքան բովանդակալից նստաշրջան է սպասվում խորհրդարանում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս