Սերժ Սարգսյանի կոշտ հայտարարությունների հետքերով. նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը տեսնո՞ւմ է իր մեղավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանը բավական կոշտ հայտարարություններ էր հնչեցրել: Չնայած իր ելույթի սկզբում Սերժ Սարգսյանը ընդգծել էր, թե խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ ոստիկանները վերահսկում են օպերատիվ իրավիճակը, սակայն դժգոհել էր ոստիկանության անգործությունից:

Սերժ Սարգսյանը շատ ավելի կոշտ է արտահայտվել հետախուզվող անձանց ժամանակին հայտնաբերելու անհրաժեշտության մասին եւ ընդգծել, թե բազմաթիվ են դեպքերը, երբ հետախուզման աշխատանքներն իրականացվում են խիստ ձեւական կամ փաստացի չեն իրականացվում, եւ արդյունքում նույնիսկ տարիներով իրենց տանը գտնվող հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում: Ըստ էության, Սերժ Սարգսյանի դժգոհությունը չի վերաբերում միայն վերջին տարիներին, նախկինում եւս նման երեւույթներից զերծ չենք մնացել:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է, թե հաճախ հետախուզման աշխատանքները ձեւական են իրականացվում, որի հետեւանքով տասնյակ տարիներով հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում: Ըստ էության, նրա քննադատությունները նաեւ Ձեզ են ուղղված: Դուք Ձեր մեղավորությունը տեսնո՞ւմ եք:

-Ես, ճիշտն ասած, թվերը չեմ հիշում, բայց որ բոլոր ժամանակներում էլ այդ խնդիրը եղել է, դա հաստատ է: Ես առանձնապես չեմ վիրավորվում, այնպես չէ, որ իմ աշխատած ժամանակ քննադատություն չի հնչել: Այդ ժամանակ էլ է եղել, ցանկացած ժամանակ Սերժ Սարգսյանը բնականաբար քննադատություն պարունակող ելույթներ է ունեցել: Դա շատ կարեւոր ու պարտադիր է, ինչու չէ՝ նաեւ ոստիկանության զգոնությունն են բարձրացնում, որպեսզի այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնեն: Եվ դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում:

Համոզված եմ՝ նախագահի շեշտադրումից հետո հաջորդ տարի պատկերը լրիվ այլ կլինի, ուշադիր կլինեն, որ մյուս անգամ նախագահին զեկուցելու բան ունենան: Իմ կարծիքով՝ դա կարեւոր է, ես էլ չեմ վիրավորվում, եթե իմ ժամանակ էլ է եղել, ուրեմն ինձ էլ է նախազգուշացրել, հիմա ուղղակի չեմ հիշում, անցել է արդեն 7 տարի:

-Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է՝ եթե պայքար եւ դրական արդյունքներ կան, ապա ինչպես է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջեւ հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Կիսո՞ւմ եք նրա մտահոգությունը:

-Ժամանակները մի քիչ փոխվել են, ոստիկանության աշխատաոճն էլ առաջվանը չի: Առաջ շատ ավելի խիստ էր, ստուգայցներ, շուրջկալներ, ամեն ինֆորմացիա նույնիսկ տեղին կամ անտեղի ստուգվում էր: Հիմա ե՛ւ պահանջում են, ե՛ւ մի փոքր սահմանները նեղացնում են ոստիկանության լիազորությունների, նրանք ավելի զգուշավոր պետք է լինեն լիազորությունների կատարման մեջ, որովհետեւ այսօրվա պահանջն է այդպես:

Օրինակ՝ եվրոպական արժեքներ, եւ մեր ոստիկանները չեն կարող այդ ամեն ինչից զերծ մնան: Ժամանակներն են փոխվել, դրա հետ միշտ հաշվի նստեք: Ես հետին թվով չեմ ցանկանում այնպիսի բաներ ասել, որոնք արդիական չեն: Սերժ Սարգսյանը դրա համար լավն էլ էր ասում, բացթողումներն էլ մատնանշում: Այդպես նա ուշադրությունն էր գրավում ոստիկանության, որ փոխեն ոճը, տարբերակներ մտածեք, ոնց ուզում եք՝ աշխատեք, բայց խնդիրները պետք է լուծվեն:

-Բայց նա նշեց, թե շատ ժամանակ աշխատանքները ձեւական են կատարվում:

-Ես չգիտեմ, եթե նախագահը մի բան ասում է, ինքը բնականաբար ավելի տեղեկացված է, ավելի շատ է տիրապետում այդ նյութին: Ես զարմանալի բան չեմ տեսնում նրա քննադատության մեջ, շատ սպասելի էր: Այդ նույնը կարող եք նաեւ մյուս նախարարություններում լսել, որ նախագահը դիտողություններ է անում, նախազգուշացնում է, ժամկետներ է սահմանում եւ այլն: Իհարկե, այդպես էլ պետք է լինի:

-Ի վերջո, կոշտ չէի՞ն գնահատականները, հատկապես ճանապարհային ոստիկանությանն ուղղված: Սերժ Սարգսյանը նշել է, թե հաճախ ճանապարհային ոստիկանները լկտի վարքագիծ են դրսեւորում:

-Ինչ-որ միջադեպեր են եղել, նախագահը երեւի դրանք նկատի ուներ, որ այդ միջադեպերը հարկավոր է բացառել: Որպեսզի ռիսկերը նվազեն, կոռուպցիա չլինի, բայց մնացածը չեմ կարող որեւէ բան ասել, կամ էլ մեկնաբանելու բարոյական իրավունք ունեմ նախագահի խոսքը: Ուղղակի իմ կարծիքը հնչեցնում եմ, որ քննադատություն բոլոր ժամանակներում էլ եղել է, եւ հիմա էլ նախագահը ոչ մի սխալ բան չի ասել:

Դեպքեր եղել են, բայց նախագահը չասաց, թե ճանապարհային ոստիկանությունն անգործության է մատնված կամ ոչինչ չի անում: Ո՞ր ոլորտում չկան թերություններ, մի տեղ ասեք. ցանկացած տեղ էլ թերություններ լինում են, կարեւորը դրանք շտկելն է, վերացնելը, որին էլ ուղղված է նախագահի խոսքը:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս