Երեկ խորհրդարանում մեկնարկեցին «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Չնայած վերջինս իր խոսքում հույս հայտնեց, որ կառուցողական եւ բովանդակալից քննարկումներ կլինեն, սակայն երեկ խորհրդարանում տիրող իրավիճակը թերեւս հակառակի մասին էր խոսում:
Երկրի համար թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի քննարկմանը գլխավոր զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցեր ուղղեցին ընդամենը երեք պատգամավոր՝ ՀՀԿ խմբակցությունից Խոսրով Հարությունյանը եւ Միքայել Մելքումյանը, Գեւորգ Պետրոսյանը՝ «Ծառուկյան» դաշինքից: Շատ պատգամավորներ թեեւ ներկա էին, սակայն կա՛մ կեսից հեռացան, կա՛մ էլ առհասարակ ոչ մի հարց չհնչեցրին:
Ընդ որում, եթե ֆինանսների նախարարին գոնե հարցեր եղան, ապա ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ելույթից հետո առհասարակ հարցեր չհնչեցին, եւ դա մեկ պարզ պատճառով՝ սրահում պատգամավոր չկար: Թերեւս տեղին է հիշեցնել, որ այդ նույն պատգամավորները, ովքեր երեկ քննարկմանը լուռ էին կամ չէին ներկայացել, լիագումար նիստում բավականին ակտիվ կլինեն՝ իրենց PR-ի համար:
Ինչպես արդեն նշեցինք՝ բացման խոսքով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա ելույթի ժամանակ պատգամավորների քանակը ներկայացուցչական էր, ընդ որում, նույնիսկ ազատ նստատեղեր չկային: Սակայն դրանից հետո պատգամավորներից շատերը լքեցին դահլիճը: Չնայած ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը եւ «Ելք» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանն ու Գեւորգ Գորգիսյանը քննարկումը լքեցին՝ ԱԺ ճեպազրույցներին մասնակցելու համար, սակայն այդպես էլ քննարկմանը չվերադարձան: Դահլիճում՝ հետեւի շարքում էին նստած «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանն ու Լուիզա Սարգսյանը: Արդեն առաջին շարքերում էին Հակոբ Նազարյանը, Միքայել Մելքումյանն ու Գեւորգ Պետրոսյանը: ՀՀԿ-ականներն այնքան էլ մեծ թիվ չէին կազմում՝ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Անդրանիկ Հարությունյանն ու Հերմինե Նաղդալյանը, վերջինս նույնպես վարչապետի ելույթից հետո հեռացավ:
Այսօր եւս քննարկումները կշարունակվեն: Սակայն դատելով երեկվա փորձից՝ կարող ենք վստահ ասել, որ երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի քննարկումը էլի կանցնի կիսադատարկ դահլիճում:
Նաիրա Հովհաննիսյան