«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաշատում դժգոհում են, որ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը քիչ-քիչ փակում է իր միջոցներով իրականացվող բարեգործական-անվճար ծրագրերն ու ծառայությունները` ներքաղաքային, միջքաղաքային տրանսպորտին, աղբահանությանը, ջրահեռացմանն առնչվող, դրանով նոր քաղաքապետին «հնարավորություն» տալով «անձամբ» հոգալ այդ հոգսերը:
Արտաշատցիներն ասում են․ «Ճիշտ է, Արգամն էլ քաղաքապետ չէ, բայց մեր պատգամավորն է, կարող էր եւ էդպես չանել, հետո ի՞նչ, որ նեղացած են ու առաջվա իշխանությունը չունեն»: Մեր զանգերին Արգամ Աբրահամյանը, բնականաբար, չպատասխանեց, իսկ նորելուկ քաղաքապետ Բենիամինյանը պատասխանեց, սակայն երբ իմացավ, որ իր քաղաքապետական անդորրը լրագրող է խանգարում, ասաց, որ «ուժեղ» ժողովի է, երկու ժամից կպատասխանի, բայց երեւի ժողովը քշեց-տարավ:
Մենք ստիպված պարզաբանում խնդրեցինք Աբրահամյանների ազգականից՝ պատգամավոր Կարինե Պողոսյանից։ Նա տեղեկացրեց միայն տրանսպորտի մասով, որ անվճար աշխատող մեքենայի շարժիչը «խփել» է․ «Արտաշատցիները բոլորն էլ գիտեն, որ այդ մեկ մեքենան է, որը հիմա վերանորոգում են, ավարտեն, նորից կսպասարկի քաղաքացիներին»»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: