ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` անձն իրավունք ունի՞ իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել, հետագայում վերացնել կամ փոխել կտակը: Նա կարո՞ղ է զրկել ժառանգությունից: Եթե այո, ապա խնդրում եմ` ասեք, ինչպե՞ս են ընթանում նման գործընթացները:
Գագիկ Հակոբյան (63 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձեւով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Ընդ որում, նա պարտավոր չէ որեւէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին:
Քաղաքացու այդ իրավունքը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով: Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը՝ անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ՝ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ժառանգության ընդունման ժամկետ է սահմանված ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքը։ Եթե ժառանգության իրավունքը այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգների հրաժարվելու դեպքում, ապա կարող են ընդունել վեց ամսվա ժամետի մնացած մասով, իսկ եթե երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում։