Մենք սպասում ենք, որ բյուջեի նախատեսված ցուցանիշներից ավել մուտքեր են լինելու. Վախթանգ Միրումյանը` բյուջերի թերակատարման վտանգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, թե այս պահին 2017 թվականի պետական բյուջեի թերակատարման վտանգ առկա չէ: Ավելին՝ ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ իրենք ցանկանում են գերակատարել բյուջեն:

-Պարո՛ն Միրումյան, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջեի մուտքերը ծրագրվածից բավական քիչ են հավաքագրվել: Առկա է բյուջեի թերակատարման վտանգ:

-Ըստ էության պետական բյուջեի թերակատարում հարկային եկամուտների տեղի չի ունեցել: Հունվար-սեպտեմբեր ամիսներին մենք ունենք շուրջ 9.5 տոկոս աճ, որը կազմում է 74.5 մլրդ դրամ: Այս պահին բյուջեի թերակատարման վտանգ առկա չէ: Ավելին՝ մենք սպասում ենք, որ բյուջեի նախատեսված ցուցանիշներից ավել մուտքեր են լինելու: Թե ինչքան կլինեն այդ մուտքերը, տարին կամփոփենք, կտեսնենք:

-Իսկ ինչի՞ հաշվին են աճել մուտքերը:

-Հիմնականում հարկային եւ մաքսային վարչարարության: Իհարկե, դրան մեծապես նպաստում են նաեւ տնտեսական ցուցանիշները, մակրոտնտեսական ցուցանիշները: Առհասարակ երեք հիմնական բաղադրիչներ կան. առաջինը տնտեսական ցուցանիշներն են, երկրորդը՝ վարչարարությունը, երրորդը՝ օրենսդրական ազդեցությունները: Տնտեսական ցուցանիշները լավն են, տնտեսական աճ ունենք, բնականաբար ինքն իր հետ բերում է նաեւ հարկերի աճ, հարկային վարչարարությունը նպաստում է հարկային եկամուտների ավելացմանը, իսկ օրենսդրական փոփոխությունները, ըստ էության, ներուժ չեն պարունակում 2017 թվականի համար: Բացառությամբ ակցիզային հարկի, մնացած բոլոր փոփոխությունները եղել են տնտեսվարող սուբյեկտների համար ավելի ազատական դաշտ ստեղծելուն, դրա համար հիմնական շեշտը հարկային ու մաքսային վարչարարությունն ու տնտեսական ցուցանիշներն են:

-Պարո՛ն Միրումյան, հայտնի է, որ 2018 թվականի հունվարի 1-ից ավելանալու են երրորդ երկրներից շուրջ 800 անուն ապրանքների ներմուծման մաքսային դրույքաչափերը, ու խոսքը նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է: Դա չի՞ հանգեցնի գնաճի:

-Եթե խոսում ենք մաքսատուրքի մասին, եթե մենք ասենք, որ ընդհանրապես ազդեցություն չի կարող ունենալ, միգուցե եւ սխալված լինենք: Մաքսատուրքը գիտենք՝ անուղղակի հարկ է, որն ուղղակիորեն ազդում է ապրանքի գնի մեծության վրա: Բայց որ ասենք՝ ոչ կառավարելի գնաճի մասին կարող ենք խոսել՝ ոչ, քանի որ դա մի քանի հանգամանքից է կախված: Մասնավորապես մաքսատուրքի ավելացումն, օրինակ, ինչպես կարձագանքի շուկան դրան, ինչպիսին կլինի առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը, քանի որ շատ դեպքերում լինում են իրավիճակներ, երբ թեպետեւ անուղղակի հարկերի կամ տուրքերի գծով ավելացումներ լինում են, բայց էական ազդեցություն չի թողնում, քանի որ տնտեսվարող սուբյեկտները վարքագծային առումով նպատակահարմար են գտնում, որպեսզի որոշակի փոփոխության ենթարկեն իրենց մարժան: Այսինքն՝ այս ամեն ինչը պետք է հաշվի առնել, իմ կարծիքով՝ էական գնաճ չի սպասվում մեզ:

-««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը զուգահեռ՝ երեք օրից տեղի կունենա ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումներ՝ ԵԱՏՄ-ի անդամակցության օգուտները եւ վնասները քննարկելու նպատակով: Ըստ Ձեզ՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի վավերացումը Հայաստանի համար օգտակա՞ր է լինելու:

-Մենք արդեն երկրորդ օրն է, որ քննարկումներ ենք անցկացնում: Արդեն բավականին մանրամասը քննարկեցինք, թե ինչ կարգավորման մասին է խոսքը, ինչպիսի առավելություններ է տալիս: Ոչ թե միտված ենք վատը թաքցնել եւ խոսել միայն օգուտների մասին, այլ իրականում մաքսային օրենսգրքի մշակման նպատակադրությունը եղել է նա, որ պահպանելով առկա ֆորմալ կարգավորման դաշտը՝ ծածկենք այն բոլոր խնդիրները, որոնք խնդրահարույց էին: Եվ, իհարկե, անկասկած նոր օրենսգիրքը բիզնեսի ընդլայնման ծախսերը կրճատելու է: Կարծում եմ, որ սա կարեւոր հանգամանք է: Մի շարք դրույթներ է պարունակում նոր օրենսգիրքը, որն ակնհայտ առավելություններ է տալու տնտեսվարող սուբյեկտին: Դա մաքսային հայտարարագրման գործընթացի պարզեցումն ու ժամանակի կրճատումն է թե վճարումների կատարման առումով, կան առավելություններ, որոնք տասնյակներով կարելի է թվարկել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս