ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ կվերակառուցվի է Բերձորի մարզադպրոցի գործող շենքը: Շենքում տեղակայված է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժինը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանն ասել է, որ հավաքագրված միջոցներով առաջին հերթին քաղաքի կենտրոնում նախատեսվում է կառուցել արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժնի շենքը: Այնուհետև սկսվելու է Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցումը, որն ընթանալու է մի քանի փուլերով և իր մեջ ներառելու է երկու մարզադահլիճ, վարչական շենք, սանհանգույց, տարբեր մարզաձևերի համար նախատեսված սենյակներ:
Իսկ Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանը նշել է, որ մարզադպրոցը նախատեսված է 170 աշակերտի համար: «Ըստ ծրագրի՝ լինելու է շախմատի, ձեռքի գնդակի, բասկետբոլի, ձյուդոյի, ֆուտբոլի համար նախատեսված սենյակներ, ինչը բավարարելու է առկա պահանջներին»,- ասել է Կ. Մովսիսյանը և ավելացրել, որ ներկա պայմանները բավարար չեն մարզադպրոցի պարապմուքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: