Կողմերը պետք է համագործակցեն զբոսաշրջության ոլորտում. ՀՀ-ԵՄ համաձայնագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ԵՄ-ի հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ՀՈԴՎԱԾ 77

Կողմերը պետք է համագործակցեն հետեւյալ նպատակներով՝
ա) Կողմերի միջեւ նրանց հանքարդյունաբերության եւ հումքի ոլորտներում ընթացող զարգացումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում,
բ) երկկողմ փոխանակումների գործընթացը խթանելու նպատակով հումքի առեւտրին առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակում,
գ) հանքարդյունաբերության կայուն զարգացմանն առնչվող տեղեկությունների եւ լավագույն գործելակերպի փոխանակում, եւ
դ) հանքարդյունաբերության ոլորտում վերապատրաստմանը, հմտություններին եւ անվտանգությանն առնչվող տեղեկությունների եւ լավագույն գործելակերպի փոխանակում։

ԳԼՈՒԽ 13

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 78

Կողմերը փոխադարձ շահի հիման վրա պետք է խթանեն գիտահետազոտության, տեխնոլոգիական զարգացման եւ նորարարության քաղաքացիական բոլոր ոլորտներում համագործակցությունը, որի նկատմամբ պետք է ապահովվի մտավոր սեփականության իրավունքների պատշաճ եւ արդյունավետ պաշտպանություն։

ՀՈԴՎԱԾ 79
78-րդ հոդվածում նշված համագործակցությունը պետք է ընդգրկի՝
ա) քաղաքական երկխոսությունը եւ գիտական ու տեխնոլոգիական տեղեկությունների փոխանակումը,
բ) յուրաքանչյուր Կողմի համապատասխան ծրագրերի համարժեք հասանելիությունն ապահովելու գործընթացի խթանումը,
գ) գիտահետազոտական հնարավորությունների ու Եվրոպական միության՝ Հետազոտությունների եւ նորարարությունների շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական կառույցների մասնակցության ընդլայնման հետ կապված նախաձեռնությունները,
դ) հետազոտության եւ նորարարության բոլոր ոլորտներում գիտահետազոտական գործունեությանն առնչվող համատեղ նախագծերի խթանումը,
ե) հետազոտական եւ նորարարական աշխատանքներին երկու կողմերից ներգրավված գիտնականների, գիտահետազոտողների եւ գիտահետազոտական այլ անձնակազմի համար վերապատրաստումները եւ շարժի վերաբերյալ ծրագրերը,
զ) կիրառելի օրենսդրության շրջանակներում՝ սույն Համաձայնագրով նախատեսված գործունեությանը մասնակցող գիտաշխատողների ազատ տեղաշարժի եւ այդ գործունեության մեջ օգտագործման համար նախատեսված ապրանքների միջսահմանային տեղաշարժի խթանումը, եւ
է) փոխադարձ համաձայնության հիման վրա՝ հետազոտության եւ նորարարության ոլորտում համագործակցության մյուս ձեւերը։

ՀՈԴՎԱԾ 80
Համագործակցության այսպիսի գործունեություն իրականացնելիս պետք է ձգտել փոխգործակցության՝ Գիտության եւ տեխնոլոգիայի միջազգային կենտրոնի (ԳՏՄԿ) կողմից ֆինանսավորվող գործունեության եւ Եվրոպական միության ու Հայաստանի Հանրապետության միջեւ ֆինանսական համագործակցության շրջանակներում իրականացվող այլ գործունեությունների հետ՝ ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի VII մասի 1-ին գլխում։

ԳԼՈՒԽ 14
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 81
Կողմերը պետք է համագործակցեն՝ սպառողների պաշտպանության բարձր մակարդակ եւ սպառողների պաշտպանության իրենց համակարգերի միջեւ համապատասխանություն ապահովելու համար։

ՀՈԴՎԱԾ 82
Անհրաժեշտության դեպքում, համագործակցությունը կարող է ներառել՝
ա) Եվրոպական միության օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության՝ սպառողներին առնչվող օրենսդրության մոտարկմանը նպատակաուղղվածություն՝ միեւնույն ժամանակ խուսափելով առեւտրում ի հայտ եկած խոչընդոտներից,
բ) սպառողների պաշտպանության համակարգերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման, այդ թվում՝ սպառողներին առնչվող օրենսդրության եւ դրա կատարման, սպառողական արտադրանքի անվտանգության, տեղեկությունների փոխանակման համակարգերի, սպառողների կրթության եւ հնարավորությունների ընդլայնման ու սպառողների իրավական պաշտպանության խթանում,
գ) վարչական աշխատողների եւ սպառողների շահերը ներկայացնող այլ անձանց վերապատրաստումներ, եւ
դ) սպառողների անկախ ասոցիացիաների զարգացման եւ սպառողների ներկայացուցիչների միջեւ շփումների խրախուսում։

ՀՈԴՎԱԾ 83
Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ VI հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։

ԳԼՈՒԽ 15
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 84
Կողմերը պետք է ամրապնդեն իրենց երկխոսությունը եւ համագործակցությունը՝ ուղղված Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը, զբաղվածության քաղաքականությունը, աշխատավայրում առողջությունը եւ անվտանգությունը, սոցիալական երկխոսությունը, սոցիալական պաշտպանությունը, սոցիալական ներգրավվածությունը, գենդերային հավասարությունը եւ խտրականության բացառումը խթանելուն՝ դրանով նպաստելով ավելի շատ եւ ավելի լավ աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատմանը, սոցիալական համերաշխության ընդլայնմանը, կայուն զարգացմանը եւ կյանքի որակի բարելավմանը։

ՀՈԴՎԱԾ 85
Տեղեկությունների եւ լավագույն գործելակերպի փոխանակման վրա հիմնված համագործակցությունը կարող է ընդգրկել հետեւյալ ոլորտներում հասցեագրման ենթակա որոշակի թվով հարցեր՝
ա) աղքատության կրճատում եւ սոցիալական համերաշխության ընդլայնում,
բ) զբաղվածության քաղաքականություն՝ ուղղված արժանապատիվ աշխատանքային պայմաններով ավելի շատ եւ ավելի լավ աշխատատեղեր ստեղծելուն՝ նաեւ ստվերային տնտեսության եւ ստվերային զբաղվածության մակարդակը նվազեցնելու նպատակով:

Շարունակելի…




Լրահոս