Երբ է հնարավոր վիզային ռեժիմի ազատականացումը Հայաստանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-ի հետ առեւտրային GSP+ ռեժիմից Հայաստանը վատ է օգտվում: Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ GSP+ համակարգը հնարավորություն է տալիս մոտ 6400 անուն ապրանք Հայաստանից արտահանել ԵՄ զրոյական մաքսատուրքով, բայց այս համակարգից օգտվում է ընդամենը 60 ընկերություն:

-Պարո՛ն Մակարյան, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության եւ արդյունաբերության վրա:

-Համաձայնագիրը ինքը, չնայած շատերի համար քաղաքական է, անվանումը նախկինի` «Խոր, համապարփակ ազատ առեւտրի» նման չի հնչում, հիմա սա կոչվում է «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր», բայց իր հիմնական բաժինները, որոնք որ տնտեսությանն ուղղված են, մնում են ուժի մեջ: Օրինակ՝ կարեւոր բաժիններ են` ներմուծումը, արտահանումը, էլեկտրոնային, արտաքին առեւտուրը, ձեռնարկատիրության եւ արդյունաբերության, տնտեսության զարգացումը, դատական համակարգի կատարելագործում:

Այսինքն՝ բոլոր հիմնական բաժինները կան, որոնք որ կարող են տնտեսությանը սպասարկել: Իմ կարծիքով՝ այս փաստաթուղթը շատ լավ կհամալրվի GSP+ համակարգով: Մեր դեպքում GSP+ համակարգը կշարունակի: Երկրորդը, որը ավելի եմ կարեւոր համարում, մինչեւ 5 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը պետք է օրենքները ներդաշնակեցնի եվրոպական օրենքներին: Ընդ որում, կարեւոր մի կետ կա` ԵԱՏՄ-ի մասով համաձայնագրի շրջանակներում գործելու են համաշխարհային առեւտրի կազմակերպության կանոնները: Ինչը նշանակում է, որ մենք այստեղ խնդիր չենք ունենա ԵԱՏՄ-ի հետ: Քանի որ ԵԱՏՄ մյուս երկրները վերջին հաշվով նույնպես սկսելու են համաշխարհային առեւտրի կազմակերպության օրենքներ ընդունել: Ռուսաստանը համարյա այս գործընթացն անցել է, Ղազախստանը ընթացքում է:

-Իսկ GSP+ համակարգը որքանո՞վ է Հայաստանում լիարժեք օգտագործվում:

-Շատ վատ է օգտագործվում, ոչ թե լիարժեք, այլ վատ: Քանի որ խոսքը ընդամենը 60 ընկերության մասին է, նորմալ ռեեստր չի վարվում Հայաստանում: Ցավոք, վիճակագրությունը այդ ոլորտում բավականին թերի վիճակում է: Իսկ այդ համակարգից 60 ընկերության օգտվելը շատ չնչին է: Այսօրվա մեր էկոնոմիկան երկու խնդիր ունի` մեր արտադրողակնությունը քիչ է, եւ կա խնդիր միջազգային եվրոպական պահանջներով սերտիֆիկացման: Եւ քանի որ մենք չենք կարողանում ապահովել այդ կարեւորագույն երկու խնդիրների լուծումը, ե՛ւ քանակական, ե՛ւ որակական մրցունակությունը, այդ պատճառով մենք հաճախ GSP+-ից չենք օգտվում: Փոխարենը GSP+-ից օգտվում են ավելի շատ հանքարդյունաբերական որոշ ձեռնարկություններ:

-Պարո՛ն Մակարյան, հնարավո՞ր է, որ Հայաստանը համաձայնագրի ստորագրումից հետո խնդիրներ ունենա Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիցների հետ կապված: Արդյո՞ք Հայաստանը դրա արդյունքում կտուժի, թե՞ ոչ:

-Կարող է տուժել: Ինքը ոչ թե կտուժի՝ կապելով ԵՄ համաձայնագրի հետ, այլ երբ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները նորից խստանան ԱՄՆ-ի կամ Եվրամիության կողմից: Արդյունքում, եթե ՌԴ-ի էկոնոմիկայի աճի տեմպը դանդաղի կամ նորից ինչ-որ ֆորս մաժորներ լինեն, ապա դա Հայաստանի վրա անշուշտ կազդի մի քանի պարամետրով:

Առաջինը, որ մեր արտահանողներն են շատ խիստ տուժում, որովհետեւ ՌԴ-ում միանգամից կարող է այդ տնտեսական վիճակը խառնվի, գնողունակությունը ընկնի, պայմանագրեր չկնքեն, այդ փորձը ունենք: Երկրորդը, որ կարող է տրանսֆերտների չափը պակասի՝ մեր հայ աշխատողները աշխատանքից դուրս թռնելու կամ քիչ վճարվելու հաշվին: Եւ երրորդը` եթե Ռուսաստանը վիրավոր գազանի պես դառնա, այսինքն՝ սանկցիաների տակ սկսի ճնշվել եւ ինչ-որ տրամադրություններ ունենալ դեպի Եվրոպան, ապա պետք է հույս ունենալ, որ քաղաքական իր տրամադրություններով չի ազդի Հայաստանի վրա:

-Վիզային ռեժիմի ազատականացումը, ըստ Ձեզ, մոտ ապագայում հնարավո՞ր է, թե՞ ոչ: Եթե այո, ապա այն ե՞րբ տեղի կունենա:

-Մենք դեռ 4-5 տարում մեր օրենքները պետք է ներդաշնակեցնենք եվրոպականին: Իմ կարծիքով՝ վիզային ռեժիմը դժվար թե 4 տարուց շուտ ազատականացվի Հայաստանի համար: Այսինքն՝ նրանք դեռ կսպասեն, մի 3-4 տարի բարեփոխումներ կատարենք, մոտեցնենք իրենց օրենքներին, եւ նոր իրենք ազատականացնեն: Մյուս երկրների օրինակով էլ է այդպես ստացվել: Նույնիսկ Բուլղարիայի, Ռումինաիայի օրինակով է այսպես ստացվել: Այսինքն՝ Եվրոպան որքան էլ ցանկանա շտապել, ինքը դրանով նաեւ դրական իմաստով հարկադրում է, որպեսզի բարեփոխումները կատարվեն, ինքը չի շտապում գովերեգել` միանգամից ռեժիմ տալով, որովհետեւ ինքը լավ հասկանում է դրա դրական եւ բացասական հետեւանքները: Դրա համար ինքը զգույշ կլինի այդ հարցում: Իմ կարծիքով՝ այդ մասին կխոսենք 4 տարի անց:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս