Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հիմնախնդրի լուծում գտնելու հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանը շարունակելու է հետագայում էլ աջակցել կողմերին՝ փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում՝ համաձայն այն սկզբունքների, որոնք բազմիցս հավանության են արժանացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից»,- հայտարարել է Լավրովը:
Նշենք, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: