Երբ հեռավոր 2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների համար ներդրվեցին, այսպես կոչված, սոցիալական փաթեթները, հայտարարվեց, որ նպատակը քաղծառայողներին աջակցելն է: Մասնավորապես ենթադրվում էր, որ հանգստյան նպատակով տրվող ութսուն հազար դրամի շնորհիվ պետական ծառայողները կկարողանան իրենց ընտանիքի հետ տարվա մեջ մեկ-երկու օր հանգստի մեկնել: Սակայն փաստն այն է, որ վերջին երկու տարիներին սոցիալական փաթեթի իրացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն քաղծառայողները, որոնք հույս են ունեցել սոցիալական փաթեթի հանգստի նպատակով տրամադրվող գումարը Ամանորին ծախսել՝ որեւէ հանգստյան տուն գնալով, փաստի առաջ են հայտնվել: Նախ գներն են անհամեմատ ավելի բարձր, բացի այդ՝ հանգստյան տների մեծ մասը հրաժարվում է սոցփաթեթի գումարը ընդունել որպես վճար՝ «ամանորյա փաթեթների մեջ սոցփաթեթը չի ներառվում» ձեւակերպմամբ:
Այսպիսով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանի շնորհիվ սոցիալական աջակցության այս ծրագիրը եւս, մնացած ծրագրերի պես, գնալով վերածվում է զուտ թղթայինի. տարածքում կա գումար, «ամանում»՝ ոչ:
Հայաստան-Եվրամիության համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ՀՀ-ն պարտավորություններ է ստանձնել բարեփոխումներ իրականացնել քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի դրույթները համաձայնագրի համաձայն՝ պետք է կիրարկվեն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից, չնայած ՀՀ-ում այն ուժի մեջ է մտել դեռ 2007թ.-ից: Բայց արի ու տես, որ այս ընթացքում կոնվենցիան, ըստ էության, անտեսված է եղել: Դատական համակարգի վերաբերյալ համաձայնագրի դրույթները պետք է կիրարկվեն 2 տարվա ընթացքում, եւ այսպես շարունակ: Հետաքրքիր է՝ արդյո՞ք իշխանությունները, որ այսքան խանդավառված են ԵՄ-ի հետ հուշագրի ստորագրմամբ, կգնան իրական բարեփոխումների, թե ընդամենը կոսմետիկ փոփոխություններ կանեն: Ինչ վերաբերում է համաձայնագրից հետո վիզաների ազատականացմանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին երեկ հայտարարել է, թե այդ արտոնությունը ստանալու համար ՀՀ-ին անհրաժեշտ է ջանասիրաբար աշխատանք ու եվրոպական մտածելակերպ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյանի ընտանիքը ՀՀ պետական բյուջեի հաշվին հերթական գումարներն է ստանալու: Եւ սա այն պատճառով, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարարի ընտանիքին պատկանող Երեւանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող տարածքում վարձակալական հիմունքներով տեղակայված են ՀՀ ֆինանսների ու միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունների մի քանի վարչություններ, նաեւ ԱՎԾ Երեւանի գործակալության գրասենյակը: Կառավարության որոշմամբ՝ նախատեսված է մինչեւ 2018թ. տարեվերջ երկարաձգել վարձակալության պայմանագիրը, եւ դրա դիմաց տարածքի սեփականատերերին փոխանցել ընդհանուրը 148 միլիոն 20 հազար դրամ կամ ավելի քան 305 հազար դոլար: Ահա հարստանալու բանաձեւը. սկզբում նախարար ես լինում, պետական տարածքը սեփականացնում ես, հետո տալիս այն պետությանը՝ վարձով:
ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե ԵԱՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ին չի վնասում: Իսկ ԵԱՏՄ-ի ներսում համագործակցությունը զարգացնելը ՀՀ իշխանությունների գործն է: «Թող զարգացնեն այդ համագործակցությունը, ով է նրանց խանգարում: ԵԱՏՄ-ն ընդհանուր նորմեր է սահմանել բոլոր երկրների համար, ինչպե՞ս կարող է այն վնասել Հայաստանին: Հայաստանն իր համար բացել է այդ շուկաները: Ես ինքս այդ կառույցից Հայաստանի համար միայն օգուտներ եմ տեսնում: Եվ դա փորձում եմ բացատրել նաեւ ընդդիմախոսներին ու ցույց տալիս թվեր, որոնց համաձայն՝ ՌԴ-ի համար ավելի քիչ շահավետ է բաց շուկան, իսկ մյուս երկրների համար շահավետ է, որ բացվում է ռուսական շուկան»,- ասել է նա:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍ
Մի քանի օր է՝ հայաստանյան քաղաքական դաշտում իրար հաջորդեցին ողբերգական իրադարձություններ. այն աստիճան ողբերգական, որ ըստ էության ստվերում մնաց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման շուրջ սկիզբ առած էյֆորիան, խինդն ու ուրախությունը:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, թե չէր հավատում ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը, բայց քանի որ իր կանխատեսումները չիրականացան, որոշել է ինքն իրեն պատժել՝ նա վեց ամիս հարցազրույց չի տալու: Սեփական անձի հանդեպ նման դաժան վերաբերմունքը, համաձայնեք, անթույլատրելի է, նաեւ միջազգային կոնվենցիաների համաձայն՝ արգելված: Հետեւաբար մարդասիրական նկրտումներից դրդված՝ ոչ միայն լրագրողական հանրությունը, այլեւ պետությունը, իշխանական ողջ վերնախավը անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկեն իրավիճակը շտկելու ուղղությամբ, օրինակ՝ աղերսագրեր ուղարկեն Հայրիկյանին, որ նա վերսկսի հարցազրույցների շարքը՝ հանուն ազգի, իհարկե: Եւ հետո՝ չէ՞ որ այս լռությունից միգուցե ուրախանա սովետական ԿԳԲ-ն՝ իր գործակալական ցանցով, իսկ դա աններելի է: Այնպես որ, պետք է օր առաջ դիմել Հայրիկյանին՝ սեփական անձի հանդեպ համաներում հայտարարելու խնդրանքով: Հո իզուր չէր, որ հինգ տարի առաջ ՀՀ պետական բյուջեից 20 մլն դրամ հատկացվեց Հայրիկյանին՝ բուժվելու համար: Պատկերացնում եք՝ այդքան բուժվելուց հետո հանկարծ վեցամսյա պատիժը քայքայի նրա առողջականը:
Բայց սա քաղաքական դաշտի միակ տխուր լուրը չէր: Երեկ պարզ դարձավ, որ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ /թող ներեն իսկական կուսակցությունները/ Անի Զախարյանը: Բարեբախտաբար, նրա հեռացումն էլ լինելու է ժամանակավոր՝ մինչեւ հաջորդ տարի. երեկ տարածած հայտարարությամբ Զախարյանը որոշումը պատճառաբանել է այսպես. «Անկեղծ ասած, այս մի քանի ամիսների ընթացքում ցանկանում էի հանգստանալ քաղաքական անբարոյականությունից, տգիտությունից, միջակությունից եւ զավեշտից: …Քաղաքականություն կվերադառնամ 2018թ.-ին, իսկ մինչ այդ ստիպված եք բավարարվել եղածով»: Չէ՛, ավելի մեծ հարված դժվար է պատկերացնել. անհնար է բավարարվել եղածով, չէ՞ որ աղջիկներին կուսությունից օր առաջ զրկվելու կոչերով քաղաքական դաշտ մտած, մեկ-երկու հոգանոց հանրահավաքներ հրավիրող Անի Զախարյանի բացակայությունը ոչ ոք չի լրացնի:
Այս ամենի մեջ ուրախալին միայն մեկ փաստ է. նրանց հեռացումը ժամանակավոր է: Նաեւ ուրախալի է այն փաստը, որ քաղաքականություն վերադառնալու եւ ժողովրդին ոտքի հանելու մասին հայտարարել է ոչ անհայտ Տիգրան Կարապետիչը: Այնպես որ, առաջիկայում քաղաքական կրկեսում կրկին տեսարանների պակաս չենք ունենա: