«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով ԶՈւ Կանազի հոսպիտալում է գտնվում Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի որդին՝ Ռազմիկ Բարսեղյանը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդը հոգեկան խանգարում է ստացել բանակում՝ ԼՂՀ Մարտունի-3 զորամասում, որտեղ ժամկետային զինծառայող էր:
Երիտասարդի հիվանդության պատճառը եղել է վախը, իսկ թե ինչից է վախեցել նա, հարազատները չեն ցանկանում խոսել այդ մասին: Ռազմիկ Բարսեղյանը 2018 թվականի հունվարին պետք է զորացրվեր, սակայն այսօր նա ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում: Բանակում հոգեկան խանգարում ստացած երիտասարդի հետ թողնում են տեսակցել միայն մորը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին 1000 դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էր Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Իշխան Բարսեղյանին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Շենգավիթ վարչական շրջանում` փողոցում, «Հայրենիք» կինոթատրոնի շրջակայքում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: