Դժվար փորձություն. իշխանությունները ԵՄ պահանջով ընտրական բոլոր գործընթացներում պարտավորվել են բարեփոխումներ անել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանություններին բավական ոգեւորել է ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Միայն թե այդ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ իշխանություններին լուրջ փորձություններ են սպասվում: Համաձայնագրով ՀՀ-ն ստանձնել է լուրջ պարտավորություններ՝ ամենատարբեր ոլորտներում բարեփոխումներ իրագործելու համար, եւ դրա դիմաց ԵՄ-ն համապատասխան ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու: Ընդ որում, իշխանությունները ստիպված են բարեփոխումներ իրագործել իրենց համար անցանկալի ոլորտներում, օրինակ՝ ընտրական համակարգում՝ նվազեցնելով ազատ եւ արդար ընտրությունների անցկացման խոչընդոտները: Այդ դեպքում, իհարկե, իշխանությունները վտանգում են հետագա պաշտոնավարումը, քանի որ առանց ընտրակաշառքի վարչական ռեսուրսի չարաշահումների ՀՀԿ-ն կհայտնվի քաղաքական լուսանցքում: Բայց բարեփոխումների իրագործմանը համաձայնել են, քանի որ համապետական հերթական հաջորդ ընտրությունները ՀՀ-ում անցկացվեն հինգ տարի անց, եւ հույս ունեն՝ մինչ այդ մի նորամուծություն հորինել: Կհաջողվի, թե ոչ, կերեւա:

Բայց այս համատեքստում պատահական չէր, որ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանները մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մրցանակաբաշխություն էին կազմակերպել: ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին էլ մրցանակ էր հանձնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանին, որը, ինչպես հայտնի է, բացահայտել էր դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների կողմից ՀՀԿ օգտին վարչական ռեսուրսի գործադրման սկանդալը: Ավելին՝ Սվիտալսկին իր ելույթում հայտարարել էր. «ՀՀ-ն առաջիկա տարիներին բավարար ուշադրություն պետք է դարձնի ընտրական գործընթացներին եւ դպրոցներում քաղաքական քարոզչության վերացմանը«։

Ըստ նրա՝ արդարությունը կարող է ուշանալ, սակայն օր օրի արդարության նկատմամբ հասարակական պահանջը մեծանում է, իսկ արդարությունը առանց թափանցիկության անհնար է։ «Թափանցիկությունը շատերի դեպքում անհարմարություն է առաջացնում, բայց թափանցիկության շնորհիվ հնարավոր է դառնում հասարակությունը ավելի լավը դարձնել»,- ասել էր դեսպանը:

Անհարմարության մասին ակնարկները, թերեւս, պատահական չէին. ԵՄ դեսպանն այսպես անուղղակի հասկացրել է իշխող ՀՀԿ-ականներին, որոնք, ինչպես հիշում եք, վրդովվել էին հայտնի սկանդալից հետո: Բայց խոսելով ընտրական գործընթացների մասին՝ Սվիտալսկին նաեւ հասկացրել է, որ իրենք լուրջ ուշադրություն են դարձնելու այդ ամենին, հակառակ դեպքում կզրկվեն ֆինանսավորման որոշակի մասնաբաժնից:




Լրահոս