Հատկապես քաղաքական կոռուպցիան դատարաններում պետք է վերացնել. Հովհաննես Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ նոր «Դատական օրենսգիրքը», որն ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից եւ ենթադրում է Երեւանի առաջին ատյանի յոթ դատարանների միացումը: Այսինքն` ապրիլի 9-ից Երեւանում կլինի մեկ ատյանի դատարան: Ի վերջո, ինչ կտա այս փոփոխությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը նշեց. «Իրականում այս փոփոխությունը լուծում է մեկ կարեւոր խնդիր՝ քրեական դատավարությունում մինչդատական վարույթներով դատավորների ծանրաբեռնվածության հարցը։ Այսօր, օրինակ, Արաբկիրի դատարանը գործող ընդդատության կանոնների համաձայն` կրում է նման վարույթների քննության ծանրության առյուծի բաժինը։ Բնականաբար այս դատարանի դատավորների աշխատանքային ծանրաբեռնվածությունը անհամեմատելի է Երեւանի մյուս դատարանների դատավորների համեմատ։

Սա խնդիր է, որը պիտի լուծում ստանա։ Թեեւ, անկեղծ ասած, այս հարցը հնարավոր էր շատ վաղուց, արագ եւ առանց դատարանակազմական փոփոխությունների լուծել քրեադատավարական օրենքի մեկ հոդվածի փոփոխությամբ՝ սահմանելով ընդդատության նոր կանոն, համաձայն որի` անկախ նախաքննական մարմնի գտնվելու վայրից նման գործերը քննության ենթակա կլինեին Երեւանի որեւէ դատարանի։ Բայց կառավարությունը գնացել է այս ճանապարհով, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա։ Բացասական որեւէ լուրջ հետեւանք չեմ տեսնում, բացառությամբ թերեւս այն կազմակերպական խնդիրներից, որոնք կառաջանան սկզբնական շրջանում այս նոր դատարանի ձեւավորման հետ կապված՝ կադրային, ֆինանսական, շենքային եւ այլն»։

Դիտարկմանը՝ սա կարող է վնասել դատավորների անկախությանը, նա նշեց. «Դատավորների անկախության ապահովման համար պետք է վերացնել կոռուպցիան դատարաններում եւ հատկապես քաղաքական կոռուպցիան։ Այսինքն` առավելապես գործադիր իշխանության փաստացի ազդեցությունը դատական համակարգի նկատմամբ պետք է չեզոքացնել։ Իսկ մեկ դատարան թե տասնմեկ, սա ավելի շատ տեխնիկական հարց է»։




Լրահոս