Հայաստանը` գերտերությունների արանքում. ինչ հետևանքներ կարող են ունենալ ՌԴ-ԱՄՆ լարված հարաբերությունները ՀՀ-ի վրա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ՌԴ դիմակայությունը նոր փուլ է մտնում, սա այն բանից հետո, երբ պաշտոնական Վաշինգտոնը հրապարակեց ազգային անվտանգության ռազմավարությունը: Այդ փաստաթղթում թվարկված են ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքները, որոնց մեջ շեշտված է նաեւ ՌԴ անունը:

Եւ այսպես` ԱՄՆ-ի համար անվտանգության հիմնական սպառնալիքներ են ռեգիոնալ բռնապետությունները, ահաբեկչական խմբավորումները, ռեվիզիոնիստական պետությունները՝ Ռուսաստանի եւ Չինաստանի օրինակով, որոնք սպառնում են ամերիկյան արժեքներին։

ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների թվում նշված են նաեւ Իրանը, Հյուսիսային Կորեան: Փաստաթղթի համաձայն` Ռուսաստանն ու Չինաստանը դիմակայում են ԱՄՆ տնտեսությանը, նաեւ ցանկանում են մեծացնել իրենց ռազմական հնարավորությունները, վերահսկել տեղեկատվությունը, ճնշել իրենց հասարակություններին եւ տարածել իրենց ազդեցությունը:

Միաժամանակ երեկ «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի աշխատակիցները Politico ազդեցիկ հանդեսում հետեւյալ առաջարկն են արել.

«Պատժամիջոցներով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու» ակտն ԱՄՆ վարչակազմին պարտավորեցնում է Կոնգրեսին ներկայացնել զեկույց, «որում կլինի Ռուսաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում առավել բարձրաստիճան պաշտոնյաների եւ Կրեմլին մոտ կանգնած մեծահարուստների ցուցակը»: Ու թեեւ այս ցուցակը դեռ պատրաստ չէ, սակայն խոսքը գնալու է ռուսական ազդեցիկ ընկերությունների ներկայացուցիչների մասին:

ՌԴ-ն բավական կտրուկ է արձագանքել ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությանը: Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, թե Մոսկվայում կուսումնասիրեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, բայց հպանցիկ ընթերցումը ցուցադրում է փաստաթղթի կայսերապետական բնույթը: «Առկա է միաբեւեռ աշխարհից հրաժարվել չկամենալը, ընդ որում, հաստատակամ չկամենալը, բազմաբեւեռ աշխարհ չընդունելը»,- ասել է Պեսկովը` միաժամանակ ընդգծելով, որ ռազմավարությունը ուշադիր ուսումնասիրում եւ իմաստավորում է պահանջում: «Ինչն, անշուշտ, կարվի բոլոր համապատասխան գերատեսչություններում»:

Ակնհայտ է` երկու գերտերությունների միջեւ լարվածության խորացումն իր հետեւանքները կունենա նաեւ մեր տարածաշրջանում: Ի վերջո, այս տարածաշրջանում ռուսական ազդեցությունը զգալի է, մեծ է նաեւ տնտեսական ներկայությունը: Ու հիմա ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում ցանկացած վայրիվերումներ անպայման իրենց արտացոլումն են ստանալու այստեղ, առավել եւս, երբ այս տարածաշրջանը միաժամանակ լի է սառը եւ թեժ հակամարտություններով:




Լրահոս