«Ժողովուրդ»-ը նոր ֆիլմում կերտած կերպարի, «Եվրատեսիլին» մասնակցելու ցանկության, 2017-ին կատարած հետաքրքիր բացահայտումների, միջանձնային հարաբերություններում ունեցած հիասթափությունների եւ ընտանիքի գրկում անցկացրած ջերմ պահերի մասին զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ:
-Սոնա, կան նոր նախագծեր, որտեղ ընդգրկված եք, կպատմե՞ք այդ մասին:
-Այո, Ամանորին «Հանրային հեռուստաընկերությունը» կցուցադրի նոր ֆիլմ, որտեղ գլխավոր դերերից մեկը մարմնավորել եմ ես: Ինձ հետ նկարահանվել են նաեւ Խորեն Լեւոնյանը, Արամ MP3-ը, Գաբի Գալոյանը եւ այլ հայտնիներ: Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ մեր լեգենդարար արտիստները, բայց այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի: Ասեմ, որ խոսքը կատակերգության մասին է: Կարծում եմ` բոլորս էլ կարոտել ենք այդպիսի անկեղծ եւ իմաստալից ֆիլմերի:
-Կարծես թե կինո նախագծերը սկսել են գրավել Ձեզ. առաջին կատակերգությունը չէ, որտեղ նկարահանվում եք:
-Այո, առաջարկներ շատ եմ ունենում, բայց, իհարկե, ամեն հրավեր չէ, որ ընդունում եմ:
-Շատերին է հետաքրքրում` «Եվրատեսիլ»-ին մասնակցելու ցանկություն չունե՞ք: Օրինակ` կարող էիք Ձեր ուժերը փորձել «Դեպի Եվրատեսիլում»:
-Ճիշտն ասած` շատ սիրում եմ «Եվրատեսիլը», չնայած որ ասում են` այն քաղաքականացված շոու է: Բայց ես չեմ ուզում մասնակցել մրցույթի, որ ընտրվեմ` «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար: Իհարկե, ունեցել եմ նման առաջարկներ, բայց ես մեծ ճանապարհ եմ անցել, հաստատ չեմ ընդունի դրանք:
-Իսկ եթե Ձեզ միանգամից ընտրեն` Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու համար, կհամաձայնե՞ք:
-Այո, բայց նման առաջարկ չի եղել: Այնպես էլ չէ, որ հատուկ սպասում եմ դրան:
-Ամփոփելով 2017-ը` հետաքրքիր է` ի՞նչն է Ձեզ ամենաշատը ուրախացրել: Տարին որքանո՞վ էր արդյունավետ:
-Ամբողջ տարվա ընթացքում ինձ ուղեկցել է լավատեսությունը, ինձ ջերմացնում է այն հանգամանքը, որ կարող եմ մարդկանց ինչ-որ բանով օգտակար լինել` կլինեն դրանք բարեգործությունների, թե այլ միջոցներով:
-Իսկ 2017-ին ի՞նչը Ձեզ ամենաշատը տխրեցրեց:
-Շնիկիս մահանալը: 12 տարի պահել էի նրան, ինձ համար հիմա շատ դժվար է առանց շնիկիս: Մտածում եմ` երեւի էլ շուն չպահեմ, կամ, գուցե, մի քանի տարի անցնի, նոր պահեմ:
-Միջանձնային հարաբերություններում հիասթափություններ եղա՞ն:
-Այդ հարաբերություններում հիասթափություններ միշտ էլ լինում են: Բաներ կան, որ հայը հայի նկատմամբ չպետք է անի, մեզ չի սազում, բայց տեսնում ենք, որ անում է:
-Խոսքը նաեւ շոուբիզնեսցիների՞ մասին է:
-Այո, այս ոլորտում էլ շատ հիասթափեցնող, նյարդայնացնող երեւույթներ կան, ոլորտում չար, նախանձ մարդիկ շատ կան: Թող ինձ ներեն, բայց ես սիրում եմ ճիշտն ասել: Չեմ սիրում նաեւ շոուբիզնեսցիների կեղծ ժպիտներն ու բարեւները: Իհարկե, անձամբ ոչ ոքի հետ խնդիր չունեմ, թշնամիներ չունեմ, ում համակրում եմ, նրա հետ էլ ընկերություն եմ անում:
-2017 թվականին հասցրի՞ք ընտանեկան ջերմ, մտերմիկ պահեր ապրել, թե՞ դրա համար ժամանակ չմնաց:
-Այո, եղան նման «տաքուկ» պահեր, դրանց համար միշտ էլ կարելի է ժամանակ գտնել: Ես իսկապես շատ երջանիկ եմ, որ ունեմ լավ ընտանիք, ամուսին: Պարզապես նա չի սիրում սոցցանցերում երեւալ, շատ համեստ անձնավորություն է: Մենք երկուսս էլ չենք խառնվում ոչ ոքի անձնական կյանքին, ոչ էլ սիրում ենք, որ մեր կյանքին են խառնվում: Իսկ, առհասարակ, ես ինձ համարում եմ երջանիկ մարդ:
-2017-ին ի՞նչ նոր վայրերում եղաք, ի՞նչ բացահայտումներ արեցիք այդ առումով:
-Կոլեգաներիս հետ հետաքրքիր շրջագայություն ունեցա Սամարայում, հետո արդեն ամուսնուս հետ` Մոսկվայում: Ինձ համար կարեւորը ոչ թե այն է, թե որտեղ, այլ թե ում հետ ես ճամփորդում: Իսկ, ընդհանրապես, ասեմ, որ ես աէրոֆոբիա ունեմ, եւ հաճախ ճամփորդելու հրավերները մերժում եմ հենց այդ պատճառով:
-Գալիք տարվա հետ կապված ի՞նչ նվիրական ցանկություն եք պահում:
-Շատ կուզենամ, որ մարդիկ ավելի բարի լինեն:
Աննա Բաբաջանյան