Իշխանություններն այս տարիներին այդպես էլ չսովորեցին հասարակության նկատմամբ ազնիվ գտնվել: Ընդհակառակը, նրանք ամեն քայլափոխի փորձում են խաբել մարդկանց ու դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ցանկալին իրականության տեղ ներկայացնել` սքողելով իրենց ձախողումներն ու բացթողումները:
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը փորձում էր համոզել, թե Հայաստանում «սարսափելի գնաճ» չկա: Նա նույնիսկ մեջբերեց վիճակագրական ցուցանիշներ` հայտարարելով, թե գնաճը կազմել է 2.6 տոկոսով: Գաբրիելյանը նաեւ պարզաբանեց, թե արձանագրված 2,6% գնաճը վերաբերում է սպառողական զամբյուղին, որն ընդգրկում է լայն սպառման առարկաներ եւ արտացոլում է հասարակության սպառումը: «Անգամ այս պայմաններում, երբ ունենք առանձին ապրանքների գնաճ, որը ոչ ցանկալի արդյունք է, միաժամանակ ունենք մի շարք ապրանքների մասով նվազում, որի արդյունքում էլ գրանցվել է 2,6%: Քաղաքականությունը տարվում է ընդհանուր մակրոտնտեսական տրամաբանությամբ»,-հայտարարել է Վաչե Գաբրիելյանը` թվարկելով որոշ ապրանքներ, որոնց գները նվազել են՝ թարմ հավի միս, ձեթ, ալյուր, ոսպ, հնդկաձավար:
Ու, ընդհանրապես, այս օրերին իշխանություններն ամեն քայլափոխի փորձում են մարդկանց համոզել, թե կյանքը գնալով ավելի է լավացել, տնտեսությունն ավելի է աճել ու զարգացել: Բնականաբար, կառավարության անդամները չեն մոռանում իրենց խոսքերին կշիռ տալու համար մեջբերել զանազան վիճակագրական ցուցանիշներ ու տարբեր միջազգային կառույցների կանխատեսումներ: Բայց արի ու տես, որ անկախ նրանց հայտարարություններից, իրականությունը չի փոխվում, եւ քաղաքացին իր առօրյա կյանքում ուրիշ պատկերի է ականատես լինում:
Եւ հետո, դեռ գնաճի ալիքը վերջնականապես չի կարելի համարել ավարտված. դիզվառելիքի եւ սեղմված գազի շուկայում սակագների բարձրացումը, որ հետեւանք էր հարկային նոր օրենսգրքի, դոմինոյի էֆեկտով իր հետեւից հանգեցնելու է գնաճի ծառայությունների ոլորտում: Հիմա, իհարկե, վարչական մեխանիզմներով իշխանությունները զսպում են ծայրահեղ դրսեւորումները, հատկապես տրանսպորտի ոլորտում: Բայց երթուղայինների վարորդներն արդեն բողոքի ցույցեր են անում` պահանջելով կա՛մ բարձրացնել ուղեվարձը, կա՛մ նվազեցնել գծատերերի «պլանը»: Իսկ տաքսի ծառայությունները թվում է՝ ակնհայտ չեն բարձրացրել սակագները, բայց մարդկանց սկսել են խաբել հաշվիչների միջոցով, աննկատ: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է: Եւ հետո հիմնական հարվածը մարդիկ կզգան ապրիլից հետո, երբ արդեն ավարտված լինի նոր Սահմանադրության պարագայում իշխանության ձեւավորումը: