Հարց քաղաքացիներից` ո՞վ կարող է լինել կնքահայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ հասկանալ մկրտության եւ կնքահոր նշանակությունը: Ո՞վ կարող է լինել կնքահայր:

Արմինե Ասատրյան (31 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Այն կարեւորագույն նշանակություն ունի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, քանզի միայն մկրտվելով է հնարավոր ազատվել ադամական մեղքից, դուրս գալ մեղավոր իրականության սահմաններից, Երկնքի որդեգիրը եւ Աստծո ընտանիքի անդամը դառնալ: Մկրտությունը սոսկ ծես եւ արարողակարգ չէ. այն ճանապարհ է, խորհուրդ, որ Քրիստոս ինքն իր օրինակով փոխանցեց մարդկանց:

Ինչ-որ առումով մկրտությունը շարունակական գործընթաց է, որը կատարվում է մարդու հետ: Այս խորհրդով մարդը վերածվում է քրիստոնյայի: Եվ մանավանդ եթե մկրտվողը երեխա է, կնքահոր դերն այս ողջ գործընթացում խիստ կարեւոր է դառնում:

Կնքահոր դերը բոլորովին այլ նշանակություն ունի: Մեր հանրության մի զգալի մասը մոռացել է, թե ով է կնքահայրն ու ինչ առաքելություն ունի իր հոգեզավակի կյանքում: Շատ հայ ընտանիքների համար առավել կարեւոր է դարձել խորհրդի ձեւական կողմի պահպանումը, օգտագործվող պարագաների գեղեցկությունն ու շքեղությունը, մկրտությանը հաջորդող խնջույքի սեղանների առատությունը, կնքահոր նյութական ապահովվածության չափը: Կնքահայրը մկրտության սոսկ հարգարժան հյուրը չէ, այլ մկրտվողի հոգեւոր աջակիցը, նրան առաջնորդողը: Կարեւոր է, որ ապագա կնքահայրն ամուր լինի իր հավատում, պատրաստ լինի ուսուցանել, կրի քրիստոնեական արժեքներ, ունենա հոգեւոր գիտելիքներ:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե պատրաստվում եք մկրտել ձեր երեխաներին, եւս մեկ անգամ քննեք, թե ում եք պատրաստվում վստահել նման կարեւոր առաքելությունը:




Լրահոս