Փաստաբանների բողոքի ակցիային միացել է ավելի քան 1300 աշխատակից, որոնցից ավելի քան 90-ը Շիրակի մարզից են: ArmLur.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի փաստաբաններից Հայկ Հարությունյանը հայտնեց, որ այսօր և գործադուլը շարունակվում է, որին մասնակցում է 30 փաստաբան: Ինքն այսօր ունի երեք դատական նիստ:
«Դատական օրենսգրքում արված փոփոխություններով դատավորին իրավունք է տրվում սանկցիա կիրառել նաև փաստաբանների նկատմամբ` 100 հազար դրամի չափով: Այսինքն` դատավորը երբ ցանկանա, կկարողանա փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել: Մինչդեռ գործող օրենքով դատավորը բողոք է ներկայացնում պալատին, և խորհուրդը, համադրելով փաստերը, որոշում է կայացնում նկատողություն, խիստ նկատողություն, նույնիսկ արտանոգրից զրկելու մասին: Սակայն նոր օրենքը կկաշկանդի փաստաբանին»,- ներկայացրեց փաստաբանը:
Վերջինիս խոսքով` իրենք պահանջում են նոր օրենքից հանել փաստաբանների մասին դրույթը:
Մեր զրուցակցի փոխանցմամբ` Փաստաբանների պալատի նախագահը դիմումներ է ներկայացրել Կառավարությանը և Ազգային ժողովին, որպեսզի երկրորդ ընթերցմանը հաշվի առնվի նաև փաստաբանական համայնքի կարծիքը:
Հիշեցնենք` օրինագիծը դեռ դեկտեմբերին խորհրդարանում առանց լուրջ քննարկման, առանց հարցուպատասխանի ընդունվել էր առաջին ընթերցմամբ և երկրորդ ընթերցումը սպասվում է առաջիկա նստաշրջանի ժամանակ:
«Սա մեր կողմից նախազգուշական ակցիա է, որ եթե օրինագգիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվի, մենք կդիմենք ավելի ծայրահեղ այլ քայլի. գործադուլը կշարունակվի», – ասաց փաստաբան Հարությունյանը։