Հայաստանի խորհրդարանը կարող է մինչեւ մարտի վերջ վավերացնել ԵՄ-ի հետ ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ինչպես հայտնի է՝ գործադիրում փաստաթուղթը հավանության էր արժանացել տարեվերջին, եւ Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո այն կուղարկվի խորհրդարան:
Սակայն համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պետք է այն վավերացնեն ԵՄ անդամ 28 երկրները: Մինչ այժմ համաձայնագիրը վավերացրել է Էստոնիան՝ դառնալով ԵՄ պետություններից առաջինը, որը վավերացրել է մեզ վերաբերող կարեւորագույն այդ փաստաթուղթը:
Սակայն շատ կարեւոր են նաեւ Հայաստանի քայլերը, որոնք պետք է փաստաթուղթը կյանքի կոչեն: Նշենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով միջգերատեսչական խումբ է ստեղծված, որը պետք է համակարգի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառումն ապահովող միջոցառումները: Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, իսկ կազմում ընդգրկված են մի քանի նախարարներ, փոխնախարարներ, իսկ հանձնաժողովն էլ պետք է ամենաքիչը երեք ամիսը մեկ հանձնաժողովի նիստ գումարի:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ առանձին «ճանապարհային քարտեզի» անհրաժեշտություն չկա: «Իրավական որեւէ հետեւանք այն չի ունենա: Առկա է գործընկերության գերակայությունների փաստաթուղթը, եւ կա աշխատանքային խումբը, որը շուտով աշխատանքի կանցնի», – նշեց Աշոտյանը:
Դիտարկմանը, թե նաեւ Հայաստանից է կախված համաձայնագրի կիրառումը եւ այն մյուս պետությունների կողմից վավերացումը, Աշոտյանը ընդգծեց, թե վավերացման հարցն առաջնահերթ է լինելու այս տարվա համար: Վերջինս ընդգծեց, թե ակնկալում են արագ վավերացում: «Մենք ԵՄ անդամ-պետությունների կողմից ակնկալում ենք փաստաթղթի արագընթաց եւ սահուն վավերացում: Խոչընդոտները զուգահետ են, երկկողմանի պայմանագրերը երկու կողմերի պարտավորություններ ու իրավունքներ են սահմանում: Մենք մեր կողմից իրականացնելու ենք ստանձնած պարտավորությունները եվրոպական չափանիշներին համապատասխան: Ամեն ինչ դեռ նոր է սկսում, համաձայնագիրը պետք է միս ու արյուն ստանա», – ընդգծեց Աշոտյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նաեւ ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ համաձայնագիրն անցումային դրույթներով կարող է ուժի մեջ մտնել Հայաստանի խորհրդարանի կողմից այն վավերացնելուց անմիջապես հետո: «Որոշ ծրագրերի իրականացման համար չի պահանջվելու Եվրախորհրդարանի կողմից փաստաթղթի վերջնական վավերացում», – նկատեց նա: Հիշեցնենք, որ օրեր առաջ մինչեւ համաձայնագրի վավերացումը շատ դրույթներ կյանքի կոչելու մասին շեշտել էր նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «ԵՄ տեսանկյունից ամենակարեւորն այն է, որ համաձայնագիրը կարող է նախապես կիրառվել այս տարի, հուսամ՝ այս տարվա գարնանը: Սա պահանջում է, որ համաձայնագիրը վավերացնի Հայաստանը: Առկա է ընթացակարգ, որը մեխանիկորեն սկսում է նախապես կիրարկումը: Համաձայնագրի շատ հատվածներ կարող են կյանքի կոչվել առանց փաստաթղթի ամբողջական վավերացման: Մենք ակնկալում ենք, որ համաձայնագրի նախնական կիրարկումը շուտով կսկսվի», – «Ազատությանը» փոխանցել էր Սվիտալսկին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում: