ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելը կարող է դրական ազդել հայ-բրիտանական հարաբերությունների վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի ատենապետ Արա Փալամուդյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ ինչպես են Մեծ Բրիտանիայում արձագանքել Արմեն Սարգսյանի թեկնածությանը:
-Պարո՛ն Փալամուդյան, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնի համար Հայաստանի իշխանական կուսակցության թեկնածուն է: Ինչպիսի՞ համագործակցություն է եղել այս ընթացքում:
-Արմեն Սարգսյանին շատ երկար ժամանակ է՝ ինչ ճանաչում եմ: 1992 թվականից սկսած արդեն երեք անգամ դեսպան է եղել: Կարող եմ ասել, որ այստեղ սիրված անձնավորություն է: Մենք շատ ուրախ ենք լսելու, որ նա պետք է լինի ՀՀ նախագահ:
-Ինչպե՞ս են բնորոշում նրան Մեծ Բրիտանիայում, ինչպիսի՞ համբավ ունի:
-Սարգսյանը շատ լավ համբավ ունի: Դժվար է նրա մասին խոսել կամ ինչ-որ բան ասել: Միշտ եղել է հարգված անձնավորություն:
-Նրա՝ ՀՀ նախագահ դառնալն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ հայ-բրիտանական հարաբերությունների վրա:
-Ինչպես արդեն ասացի՝ Սարգսյանն այստեղ շատ մեծ համբավ ունի եւ հրաշալի, անձնական հարաբերություններ թե՛ թագավորական ընտանիքի, թե՛ կառավարության հետ: Եվ ուրեմն, իմ կարծիքով` նա իր նոր պաշտոնով շատ բան կարող է անել հայ-բրիտանական հարաբերությունների հարցում: Վստահ եմ, որ նա կապեր ունի նաեւ այլ երկրների հետ, սակայն չեմ կարող ասել, թե որքանով են դրանք սերտ: Ես կարող եմ ասել միայն իր կամ հայ-բրիտանական հարաբերությունների մասին, սակայն վստահ եմ, որ այլ երկրների հետ եւս լավ կապեր ունի:
-Կմատնանշեք՝ որպես դեսպան` նա այսքան ժամանակ ի՞նչ է արել հայ համայնքի համար:
-Գիտեք՝ դեսպանատունը եւ դեսպանատան պարտականությունները մասնավորապես հայ գաղութի հետ կապված չեն: Անշուշտ այդ կապերն առաջին հերթին գալիս են կառավարությունից: Ուրեմն կապերը պետք է զարգացած լինեն անգլիական կառավարության հետ: Բայց մի ժամանակ համայնքային գործունեության հետ կապված էլ միշտ հետաքրքրություն է ունեցել, եւ շատ հարաբերություններ ունենք դեսպանատան, դեսպանի հետ:՛
-Իսկ ինչպե՞ս են Մեծ Բրիտանիայում արձագանքել Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահ դառնալու հեռանկարին: Ընդունելի՞ թեկնածու է Սփյուռքի համար:
-Շատ ուրախությամբ լսեցինք լուրը: Հուսամ, որ կհաջողի ընտրությունը: Եվ իր նոր պաշտոնի մեջ կցանկանամ, որ իր պարտականությունները լիուլի կատարի: Սփյուռքի համար, այո՛, ընդունելի թեկնածու է, մանավանդ որ երկար ժամանակ ինքը կապ է ունեցել Սփյուռքի հետ: Նրա հետ Հայաստանի եւ Սփյուռքի կապերը կարող են ավելի ճոխանալ: Ասեմ, որ հիմա Հայաստանի եւ Սփյուռքի կապերն արդեն լավ են, բայց վստահ եմ, որ իր ներկայությունը կկարողանա միայն առավել արդյունք տալ:
-Արմեն Սարգսյանը երկար դադարից հետո է կրկին դեսպան նշանակվել: Այդ ընթացքում ինչպիսի՞ շփում եք ունեցել իր հետ: Հայտնի է, որ նա բազմաթիվ բիզնեսներ ունի, այդ թվում՝ նաեւ Մեծ Բրիտանիայում:
-Ես իր բիզնեսների մասին ո՛չ կարող եմ ասել, որ գաղափար ունեմ, ո՛չ էլ կարող եմ հայտնել որեւէ ինֆորմացիա: Դրանք անձնական հարցեր են, որոնց մասին ես չեմ կարող խոսել: Ավելի ճիշտ կլինի, որ այդ մասին խոսի հենց Արմեն Սարգսյանը: Ես միայն կարող եմ ասել այստեղ տիրող տեսակետը, նաեւ մեր խորհրդի անդամների այն դիրքորոշումը, որ Արմեն Սարգսյանը հրաշալի անձնավորություն է, եւ իր նախագահ դառնալը Հայաստանի համար կարող է միայն օգուտ ունենալ:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը