ԳԾԱՏԵՐԵՐԸ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակցիզային հարկի բարձրացման հետեւանքով դիզվառելիքի եւ սեղմված գազի շուկայում արձանագրված գնաճի հետեւանքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին. երթուղայինների վարորդները երեկվանից սկսել են բողոքի ակցիաները: Նրանք պահանջում են կա՛մ ավելացնել տրանսպորտի ուղեվարձը, կա՛մ նվազեցնել իրենց վրա դրված «պլանը», որպեսզի հնարավոր լինի նոր պայմաններում աշխատել: Բնականաբար, քաղաքային իշխանություններն առայժմ զերծ են մնում տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելուց, քանի որ առանց այն էլ երկրում համատարած գնաճի դեպքում, երբ բնակչությունը սոցիալապես ծանր պայմաններում է, նման քայլը կարող է պայթյունավտանգ լինել: Բացի այդ` նրանք աչքի առաջ ունեն նախկինի տխուր փորձը, երբ տրանսպորտի թանկացման դեմ մարդիկ ընդվզեցին` բողոքի ցույցեր անցկացնելով, այնուամենայնիվ, 100 դրամ վճարելով: Իսկ գծատերերը, որոնց մի մասն էլ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն են՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իր աներորդի, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդիները, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու որդիները, եւ այլք, չեն ցանկանում հրաժարվել գերշահույթներից` երթուղայինների վարորդներին «ծառայեցնելով» իրենց հարստացման գործին:
Երեկ, երբ «Ժողովուրդ» օրաթերթը Հենրիկ Նավասարդյանից հետաքրքրվեց, թե որպես գծատեր, ինչու վարորդների «պլանը չեք իջեցնում», պաշտոնյան նյարդայնացավ. «Դուք սկսում եք ուրիշ բաներ հարցնել, գրավոր հարցերը ուղարկեք… ուրիշ դաշտ եք մտնում բուն թեմաները թողած…»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ տվյալներ են հայտնի դարձել հունվարի 8-ին Երեւանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթարի հերոսի՝ Երեւանի ավագանու նախկին անդամ, Ճվճվ Արո մականվամբ Արա Վարդանյանի որդի Սարգիս Վարդանյանի եւ նրա եղբոր քաջագործությունների մասին: Պարզվում է` նախորդ տարվա ընթացքում Սերժ եւ Սարգիս Վարդանյանները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու արդյունքում ավելի քան 15 հազար դոլարի տուգանք են «վաստակել»: Ու այդ բոլոր տուգանքները վճարել է նրանց պապը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել տեղեկությունը, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ դրանք անձնական տվյալներ են եւ հրապարակման ենթակա չեն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին է ներկայացվել 15 դատապարտյալի անուն, որոնցից երեքը ցմահ դատապարտյալներ են: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի` ցմահ դատապարտվածներից երկուսը բանտում են հայտնվել քաղաքական գործերի շրջանակներում. մեկը ՀՅԴ-ական Արմենակ Մնջոյանն է, որ ժամանակին ձերբակալվել էր «Դրո» գործի շրջանակներում, բանդիտիզմի, երկու եւ ավելի հոգու սպանության, զինված պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով: Ներման համար ներկայացվել է նաեւ Արմեն Տեր-Սահակյանը, որն էլ անցնում է ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում եւ մեղադրվում էր հանցավոր խմբավորումներ կազմավորելու եւ սպանություններ իրականացնելու մեջ: Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների` Արմեն Տեր-Սահակյանը ժամանակին հրաժարվել է Վ. Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տալուց եւ դրա համար դատապարտվել ցմահ ազատազրկման:

 

 

 

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ փորձել է արդարացնել բենզինի շուկայում այս օրերին տեղի ունեցած գնաճը` որպես օրինակ նշելով, թե հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է գրեթե հավասար գներով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը փոքր ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ այսօր Վրաստանում ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 2 լարիով, որը հայկական դրամի վերածելու դեպքում կկազմի 380 դրամ: Իսկ մեզ մոտ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 440 դրամով. այսինքն՝ 60 դրամով ավելի: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով ՏՄՊՊՀ նախագահի խոսքերին, ասել է. «Վրաստան մտնելիս ճանապահին կնկատեք, որ 4-5 ընկերության բենզալցակայան կա, եւ ամեն մեկը իր գնով տարբեր է: Այսինքն` այնտեղ գինը ձեւավորվում է մրցակցության արդյունքում: Իսկ մեզ մոտ այդպիսի բան չկա: Մեզ մոտ առաջին նախապայմանն է, որ մենք ունենք միակ ներկրող` «Ռոսնեֆտ» եւ վերջ: Բացի այդ` մանրածախ շուկայում վերավաճառում են երկու-երեք կազմակերպություն, որոնք էլ որեւէ հնարավորություն չունեն գների մեծ տարբերություն դնելու»:

 

 

 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՆ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ամանորյա տոներից հետո վերսկսվել է ակտիվությունը, եւ թեման կրկին հայտնվել է քաղաքական օրակարգում: Հատկանշական է փաստը, որ «բացումն» արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` նախօրեին հայտարարելով, թե խնդրի լուծման որոշումը պետք է հակամարտող կողմերը կայացնեն, եւ հավելելով. «Ակնկալում ենք, որ դրական ազդանշան կստանանք երկու կողմից էլ»:
Եւ ահա երեկ հայտնի դարձավ, որ հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը` օրակարգում, բնականաբար, ունենալով ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը: Հիշեցնենք՝ Նալբանդյանն ու Մամեդյարովը վերջին անգամ հանդիպել էին դեկտեմբերին, որից հետո երկու երկրների ԱԳ նախարարներն էլ ասել էին, թե այն տեղի է ունեցել «ընդհանուր առմամբ դրական մթնոլորտում»: Այնպես որ, հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու համար կան որոշակի նախապայմաններ: Այլապես հազիվ թե ԱԳ նախարարները նման հաճախականությամբ շարունակեին իրենց հանդիպումների շարքը: Եւ հետո, ինչպես իր վերջին հարցազրույցում էր նշել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, բանակցությունները ձեւական բնույթ չեն կրում, եւ դրանք շարունակվում են: Ու, փաստորեն, առաջիկա հանդիպումը եւս վկայում է բանակցությունների շարունակականության մասին, որքան էլ ուրիշները պնդեն, թե հակամարտության կարգավորման գործընթացը կանգ է առել:
Իհարկե, Նալբանդյան-Մամեդյարով այդ հանդիպումից լուրջ ակնկալիքներ պետք չէ ունենալ: Այս բանակցությունները հարկավոր են առնվազն կողմերի դիրքորոշումների թեկուզ փոքր-ինչ մերձեցման` չհամաձայնեցված հարցերի շուրջ կրկին խոսելու համար: Այնպես որ, այս ամենը շարունակական գործընթացի մաս է, որի արդյունքները կերեւան ավելի ուշ:
Ու բացի այդ` գոնե առաջիկա ամիսներին այս խնդրում հազիվ թե բեկում լինի. առաջիկայում Հայաստանն անցում է կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ պետության հիմնական դեմքը լինելու է վարչապետը: Եւ Սերժ Սարգսյանը, որ հավանաբար զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը, մինչ այդ չի համաձայնի կտրուկ քայլեր անել ղարաբաղյան ֆրոնտում` օգտվելով, բնականաբար, Ադրբեջանի պահվածքից: Իսկ Ադրբեջանն էլ թեեւ փորձում է ցույց տալ, որ ցանկանում է կարգավորել հիմնախնդիրը, կոնկրետ քայլեր չի անում այդ ուղղությամբ` զերծ մնալով սահմանին լարվածությունը թուլացնելուց:
Այնպես որ, բանակցային գործընթացում վերսկսված ակտիվությունը ծառայելու է կողմերի դիրքորոշումների մերձեցմանը:




Լրահոս