2017թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարական էր տվել դատախազներին միջոցներ ձեռնարկել քրեական օրենսգրքով նախատեսված, ուղղմանը նպաստող այլ պարտականությունները դատապարտյալի վրա դնելն ապահովելու ուղղությամբ: Ինչպես հայտնել էր դատախազությունը` ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համապատասխան իրավական նորմերը գործնականում չեն կիրառվում:
Դատարանները, հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելիս` վերջիններիս նկատմամբ պարտականություն սահմանելու հարցը չեն քննարկում եւ արդյունքում այդպիսիք չեն սահմանում: Ելնելով կատարված ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքներից` գլխավոր դատախազը հանձնարարական էր տվել դատախազներին, որպեսզի այն դեպքերում, երբ ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում կամ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեմ առարկություն չի ներկայացվում, դատարանին առաջարկել դատապարտյալի վրա դնել քրեական օրենսգրքով նախատեսված, նրա ուղղմանը նպաստող պարտականություններ: Խոսքը վերաբերում է, օրինակ, որոշակի վայրեր չհաճախելուն, աշխատանքի բնույթի կամ տեղի փոփոխության մասին վերահսկողություն իրականացնող մարմնին տեղեկացնելուն, հանրօգուտ աշխատանքներում ներգրավվելուն եւ այլն: Ավելին` գլխավոր դատախազը նաեւ խնդրի հետ կապված դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին` խնդրի ուղղությամբ միասնական մոտեցում որդեգրելու համար:
Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե հանրօգուտ աշխատանքներում ներգրավվել կոնկրետ ինչ աշխատանք նկատի ունի ՀՀ գլխավոր դատախազը, ինչին ի պատասխան` հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ խոսքը վերաբերում է այնպիսի աշխատանքներին, որոնք ուղղված են հանրության բարօրությանը: Մասնավորապես որպես հանրօգուտ աշխատանք կարող է դիտարկվել համահանրապետական կամ համայնքային կտրվածքով շաբաթօրյակներին, ծառատունկներին մասնակցությունը, նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցությունը:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազի այս առաջարկը խիստ մտահոգությունների տեղիք է տվել, քանի որ դատախազները դատարաններին առաջարկել են դատապարտյալների վրա դնել քրեական օրենսգրքով նախատեսված, նրա ուղղմանը նպաստող այնպիսի պարտականություններ, որ, օրինակ, խարդախության համար ազատազրկման համար պատիժը պայմանականորեն չկիրառված կնոջը տեղավորեն աշխատանքի որեւէ կենտրոնում հավաքարար կամ նման այլ աշխատանքի: Սակայն դատարանները մտահոգվել են, որ միգուցե մեկ անձին կարողանան այդ հարցով օգնել, բայց ոչ բոլորի դեպքում կարող են ապահովել աշխատանքով: Ավելին` այս իրավիճակում առավել մտահոգիչ է այն իրողությունը, որ ոչ բոլոր աշխատավայրերում են պատրաստ ընդունելու աշխատանքի այն անձանց, որոնք գողության համար են դատապարտվել, ու դատարանը նրանց պատիժը պայմանականորեն չի կիրառել:
Այսպիսով` դատախազի հանձնարարականը դեռ մնացել է օդում կախված:
Քնար Մանուկյան