«Ինչ գիտենք իր մասին, որ մի բան էլ գնահատական տանք». որքանով են գյուղացիները հետաքրքրված Արմեն Սարգսյանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին մի շարք ՀՀԿ-ական գյուղապետեր տեղեկացել են հեռուստատեսությունից:

ՀՀ Արագածոտնի մարզի Վերին Սասունիկի գյուղապետ Սամվել Բաղդասարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով Արմեն Սարգսյանի թեկնածությանը, հայտարարեց, որ գյուղի բնակիչները դեռ չեն շտապում քննարկել նոր թեկնածուին: «Գյուղացիները նոր են փորձում ծանոթանալ: Կարելի է ասել` մարդկանց չի հետաքրքրում, իրենք իրենց հոգսերով են ընկած: Ես անձնապես չեմ ճանաչում, չգիտեմ` ով է, բայց եթե ամբողջ ֆրակցիան ներկայացրել է, ուրեմն մարդը արժանիքներ ունի»,- անկեղծացավ գյուղապետը` նշելով, որ այս մասին ինքը իմացել է հեռուստատեսությունից:

ՀՀ 4-րդ նախագահի մասին հեռուստատեսությամբ լսել եւ տեղեկացել է նաեւ Արագածոտնի մարզի Անատառուտի գյուղապետ Հովիկ Զաքարյանը. «Իր գործունեությանը ծանոթ չեմ, ոչինչ չեմ կարող ասել: Ճիշտ է` ժամանակին որպես վարչապետ աշխատել է, բայց դա շատ կարճ ժամանակահատված է: Չեմ շտապում ասել, որ կարդարացնի մեր հույսերը»: Նույն կարգավիճակում է նաեւ ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը: «Երեք օրվա մեջ դեռ չեմ կողմնորոշվել` ով է: Հետո ինքը միակ թեկնածուն է, ինչ կարծիք ասեմ: Ինձ նախապես չեն ասել, որ նման անձի թեկնածություն է լինելու: Ես հեռուստատեսությամբ եմ տեղեկացել այս մասին: Լուրերից իմացա, որ նման առաջարկ է եղել, ու նման թեկնածու ունենք»,- նկատեց Տաթեւի գյուղապետը:

Իսկ ահա ՀՀ Շիրակի մարզի Հովտաշենի դաշնակցական գյուղապետ Սեյրան Փիլոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ` նշելով. «Ցավդ տանեմ, ինչ գիտենք իր մասին, որ մի բան էլ գնահատական տանք: Ժողովրդի մոտ հարցեր է առաջանում` որտեղից է եկել, ինչի իրեն բերեցին: Հեռուստատեսությամբ տեսնելուց հետո մեկը մեկին ասում է` խելացի մարդ է: Հեռուստատեսությամբ էլ ասում են, որ ինքը յանի լավ մարդ է: Ասեմ Ձեզ, մեր գյուղացիները շատ չգիտեն չորրորդ նախագահին… էս փոփոխությունները նրանց այդքան էլ չեն հետաքրքրում»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս