Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Մինչ այդ Նախագահ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնել է զոհված հերոսներին հետմահու շնորհված պետական բարձր պարգևները: Արարողությանը ներկա են եղել նաև այդ ընտանիքներին կցված կուրսանտները, ինչպես նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի կուրսանտներ և ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ: