2017-2018թթ. ընթացքում փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերի զգալի աճ է արձանագրվել: Դեղամիջոցներն արտասահմանում բնակվող անձինք Հայաստան են ուղարկում իրենց բարեկամներին՝ որոշ դեպքերում որպես ցավազրկողներ՝ ծանր հիվանդություն ունեցող անձանց համար, երբեմն էլ որպես օգնություն:
Սակայն ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և մաքսանենգության հանցակազմի տարրեր է պարունակում: Անկախ ներպետական որոշումներից՝ ԵԱՏՄ շրջանակում ևս ծանրոցներով դեղամիջոցների տեղափոխումն արգելվում է: 2017թ. ընթացքում ՊԵԿ քննչական վարչությունում նմանատիպ 95 դեպքով հարուցվել են քրեական գործեր, իրականացվել նախաքննություն: Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերով ծանրոցների զգալի մասը Հայաստան է ուղարկվում հիմնականում եվրոպական երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից և այլն:
Իսկ վերջին տարիներին ԱՄՆ-ից նաև «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ պարունակող ծանրոցների առաքման միտում է նկատվում. «Փոստային ծանրոցներով էլեկտրոնային սիգարետների առաքումը, որոնց պարունակության մեջ հայտնաբերվում է «հաշիշի յուղ» կամ այլ տեսակի թմրամիջոց, ևս արգելված է և նման դեպքերը դիտարկվում են որպես մաքսանենգություն»,-տեղեկացնում է ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի պետ Վազգեն Շահնազարյանը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին