ԱԳՆ ղեկավար կազմի հետ երեկվա հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու եւ արդիականացնելու մասին: «Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում եւ հնչեցնում եմ հենց արտաքին գործերի նախարարությունում։ Հայաստանի ազգային անվտանգության առաջնային մարտահրավերները հիմնականում առնչվում են կամ, ավելի ճիշտ, ուղղակիորեն փոխկապակցված են մեր արտաքին միջավայրի հետ,- ասել է նա` հավելելով,- ակնկալում եմ, որ ԱԳՆ-ն ունենալու է շոշափելի դերակատարում այս փաստաթղթի վերանայման ողջ գործընթացում»։
Հենց ԱԳՆ-ում ազգային անվտանգության ռազմավարության անհրաժեշտության մասին խոսելը, թերեւս, պատահական չէր: Այսպիսով` Ս. Սարգսյանն ակնարկում է առաջին հերթին արտաքին քաղաքական կուրսում որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին` այն դիտարկելով որպես անվտանգության բաղադրիչ: Բայց պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչ փոփոխություններ են արվելու:
Ամեն դեպքում Հայաստանում շարունակելու է տեղակայված մնալ ռուսական ռազմաբազան, եւ ՀՀ-ն ու ՌԴ-ն համարվելու են ռազմավարական գործընկերներ: Հայաստանը շարունակելու է մնալ ՀԱՊԿ անդամ: Հայաստանը տնտեսական հարաբերությունների առումով եւս «պրոռուսական» ծիրում է՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այնպես որ, դեռ երկար ժամանակ Հայաստանը հազիվ թե փորձի փոխել իր հիմնական քաղաքական ուղղվածությունը:
Մյուս կողմից` նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանը համապարփակ եւ ընդլայնված համագործակցության փաստաթուղթ է ստորագրել ԵՄ-ի հետ: Բայց դա ավելի շատ քաղաքական փաստաթուղթ էր, որի ստորագրմամբ իշխանությունները տարբեր ծրագրերի անվան տակ ֆինանսական օժանդակության հույս ունեն: Եւ հետո` ԵՄ-ի հետ համաձայնագրի առկայությունը չի խոչընդոտի հայ-ռուսական հարաբերություններին:
Այնպես որ, հազիվ թե այդ փաստաթղթում կոնցեպտուալ, լուրջ փոփոխություններ արվեն, հազիվ թե վերանայվեն Հայաստանի՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
Իսկ մինչ այդ մեկ փաստ էլ. ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու մասին Ս. Սարգսյանը խոսում է նախագահության ժամկետի ավարտից 2 ամիս առաջ: Բայց ինչպես հուշում են ներքաղաքական գործընթացները` Ս. Սարգսյանը մտադիր է շարունակել իշխանավարումն արդեն որպես վարչապետ, քանի որ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո վարչապետն է լինելու երկրի իրական ղեկավարը: Հավանաբար այս ռազմավարության մեջ հիմնական փոփոխությունները արվելու են հենց այդ համատեքստում: