Բոլոր լծակները վարչապետի ձեռքում են. իսկ նախագահի թեկնածուն խոսում է որոշիչ դերակատարության մասին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահի պաշտոնում իշխող ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը բարեխիղճ մոլորության մեջ է: «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, թե համաձայն չէ հնչող գնահատականների հետ, ըստ որի` նոր Սահմանադրությամբ նախագահը որոշիչ դերակատարում չունի, եւ այդ պաշտոնը արարողակարգային է: Դեռ ավելին` նա պնդել է, թե Հայաստանի նախագահը շատ ավելի մեծ լիազորություններ է ունենալու, քան մի շարք եվրոպական խորհրդարանական պետությունների նախագահները: «Հասկանալի է նաեւ, որ Սահմանադրության գծված սահմանները սահմաններ են, որից չես կարող անցնել այս կողմ կամ այն կողմ: Եվ հասկանալի է, որ հանրապետության նախագահը իր գործունեության ոլորտում պետք է պահի Սահմանադրության ե՛ւ տառը, ե՛ւ բառը: Սակայն շատ լավ գիտենք՝ նույն տառերով, նույն բառերով կարող ես տարբեր նախադասություններ ստեղծել եւ տարբեր մտքեր արտահայտել»,- ասել է նա:

Արմեն Սարգսյանից այլ պատասխան չէր կարելի ակնկալել. իրականությունը խոստովանելով` պարոն Սարգսյանն իրեն անհարմար դրության մեջ կդներ, եւ կստացվեր, որ նախագահ դառնալուց հետո աշխատելու է անգլիական թագուհու կարգավիճակում: Սա, ինքներդ եք հասկանում, ամենեւին էլ դուրեկան չէ, եւ հետո բազում հարցերի տեղիք կտար:

Ինչ վերաբերում է նախագահի՝ որոշիչ դերակատարությանը, ինքներդ դատեք` ինչպե՞ս կարող է որոշիչ լինել այդ պաշտոնը, եթե ուժային կառույցները՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, պետական վերահսկողական տեսչությունը, լինելու են վարչապետի ենթակայության տակ գործող կառույցներ: Ինչպե՞ս կարող է նախագահի պաշտոնը որոշիչ լինել, եթե զինված ուժերի գերագույն հրամանատարը լինելու է վարչապետը, նա է ղեկավարելու անվտանգության խորհուրդը: Զինված ուժերը նույնպես ոչ թե նախագահի, այլ կառավարության ենթակայության ներքո են լինելու: Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում նախագահը չի կարող ընդունել, պետության արտաքին քաղաքականությունը եւս մշակում եւ իրականացնում է կառավարությունը։ Իսկ նախագահին վերապահված է կառավարության առաջարկով միջազգային պայմանագրեր կնքելու, օրենքներ ստորագրելու, վարչապետի առաջարկող կառավարության կազմում փոփոխություններ կատարելու իրավասությունը: Բայց եթե նախագահը որոշի առարկություններով նախագծերը ներկայացնել խորհրդարան, կառավարություն կամ վարչապետին, ու եթե վերջիններս չընդունեն այդ առարկությունները, որոշումներն ուժի մեջ կմտնեն իրավունքի ուժով, անկախ նախագահի կամքից:
Իսկ ապագա նախագահն ասում է, թե իր պաշտոնը որոշիչ դերակատարություն է ունենալու:




Լրահոս