Շատերը կհիշեն նախորդ տարվա մայիսին նոր ձեւավորված ԱԺ առաջին նիստում Սերժ Սարգսյանի հայտարարությունը 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը 4 մլն-ի հասցնելու մասին: «Նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ եւ անընդունելի են: Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը»,-ասել էր նա: Սերժ Սարգսյանի այս ելույթում հնչեցված ուղերձների հիման վրա էլ Կարեն Կարապետյանի կառավարությունն իր` 2017-2022 թթ. ծրագրում էր կարեւորել ժողովրդագրական վիճակի բարելավման խնդիրը` խոստանալով. «Անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված արտագաղթի դադարեցմանը, ծնելիության բարձրացմանը, կյանքի տեւողության երկարացմանը, մահացությունների մակարդակի կրճատմանը, ամուսնությունների թվի ավելացմանը, ինչպես նաեւ` հայրենադարձության նախապայմանների ստեղծմանը, արտաքին միգրացիայի բացասական մնացորդի կրճատմանը»:
Միայն թե այսօր կարելի է վստահաբար պնդել, որ իշխանությունների մյուս խոստումների նման օդում կախված մնաց նաեւ ժողովրդագրական վիճակը բարելավելու նախաձեռնությունը: Համենայն դեպս, ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները, եւ ժողովրդագրական առումով պետք է խոստովանենք` պատկերը, մեղմ ասած, աղետալի է:
Սերժ Սարգսյանի ելույթի հիման վրա կառավարությունն իր ծրագրում խոստացել էր բարձրացնել ծնելիությունը, մինչդեռ 2017թ. ընթացքում Հայաստանում գրանցվել է ծնելիության՝ վերջին հինգ տարիների ամենացածր ցուցանիշը: Պատկերն առավել պարզ է դառնում երկարաժամկետ կտրվածքով դիտարկելիս: Եւ այսպես` 2017թ. ընթացքում Հայաստանում ծնվել է 37 հազար 699 երեխա, մինչդեռ 2016թ. ծնունդների թիվը 40 հազար 592 էր, իսկ 2013-ին ծնվել է 41.906 երեխա:
Կառավարությունը խոստացել էր մահացությունների մակարդակի կրճատում. համենայն դեպս, այդպես էր նշված ծրագրում: 2016 թվականին մահացածների թիվը կազմել է 28 հազար 226, 2017-ին` 27 հազար 367: Մեկ տարվա կտրվածքով այս դեպքում դրական միտում կա` մահերը նվազել են 859-ով: Բայց անգամ այդ դեպքում բնական հավելաճը /ծնվածների եւ մահացածների թվի տարբերությունը/ սարսափելի ցածր է, վերջին հինգ տարվա ընթացքում ամենացածրը: Եթե 2013թ. բնական հավելաճը 14 հազար 594 էր, ապա 2017թ.այդ ցուցանիշը կազմել է 10 հազար 332: Կառավարության ծրագրում նշված էր նաեւ ամուսնությունների թվի ավելացման մասին: Բայց այս ոլորտում եւս հնարավոր չի եղել ապահովել դրական միտում. 2016-ին ՀՀ-ում գրանցվել է 16 հազար 294 ամուսնություն, 2017-ին` 15 հազար 214:
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մշտական բնակչության թվաքանակը: Այսպիսով` 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի մշտական բնակչության թիվը կազմում է 2 մլն 972 հազար 900: Իսկ 2017 թվականի հունվարի 1-ի տվյալով` 2 մլն 986 հազար 100: Ստացվում է` մեկ տարվա ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է 13 հազար 200-ով: Իսկ եթե դիտարկենք 5 տարվա կտրվածքով, պետք է նշել, որ 2013 թվականին մեր երկրում մշտական բնակվել է 3 մլն 26 հազար 900 հոգի, ասել է, թե 5 տարվա կտրվածքով երկրի բնակչությունը նվազել է 54 հազարով:
Եւ վերջապես, մեկ փաստ էլ. 2017թ. ընթացքում Հայաստանից հեռացած ու վերադարձած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմել է 36 հազար 191 հոգի: Զգալի մեծամասնությունը հեռացել է Բավրայի, Բագրատաշենի եւ Գոգավանի անցակետերով. սրանք, ի դեպ, այն հիմնական ցամաքային ուղիներն են, որոնցով արտագաղթում են մարդիկ, ընդ որում՝ արտագաղթում ընտանիքներով: Բավական է միայն նշել, որ Լոռու մարզի Գոգավանի անցակետով արտագաղթել է 27 հազար 192 հոգի, Բավրայի անցակետով՝ 11 հազար
258 հոգի եւ Բագրատաշենի անցակետով՝ 9 հազար 464 հոգի:
Այսքանից հետո, թերեւս, նկատենք՝ ժողովրդագրական առումով Հայաստանում աղետալի վիճակ է: Ընդ որում, որքան էլ իշխանությունները հայտարարում են իրավիճակը բարելավելուն ուղղված քայլերի մասին, մշակում եւ փորձում են ծրագրեր իրականացնել, միեւնույն է` բացասական միտումները շարունակում են խորանալ: Բնակչությունը գնալով նվազում է եւ նույն տեմպերով շարունակվելու դեպքում 2040 թվականին ոչ թե 4 մլն, այլ շատ ավելի պակաս բնակիչ կունենանք: Սա է փաստում նաեւ ՄԱԿ-ի` 2017 թվականի հունիսին հրապարակված զեկույցը: Ըստ այդմ, 2050 թվականին մեր երկրի բնակչությունը կկազմի մոտ 2 մլն 700 հազար մարդ:
Մերի Մարտիրոսյան
Արման Գալոյան