Հարց քաղաքացիներից` չկատարված հարկային պարտավորության վճարումը ապահովելու նպատակով հարկային մարմնի կողմից արգելանք բոլո՞ր բանկային հաշիվների վրա է դրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` եթե չկատարված հարկային պարտավորության վճարումը ապահովելու նպատակով հարկային մարմնի կողմից արգելանք է դրվում, ապա վճարողի բոլո՞ր բանկային հաշիվների վրա է դրվում արգելանք:

Լարիսա Մանուկյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման արդյունքում արգելադրվում է հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, եւ արգելադրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որեւէ մեկին առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա առեւտրային բանկն իրավունք ունի հարկ վճարողի հանձնարարության հիման վրա տրամադրելու տեղեկատվություն տվյալ բանկում վարվող հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ:
Նշված հանձնարարությունը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առեւտրային բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարկ վճարողի բանկային հաշիվները սպասարկող մյուս առեւտրային բանկերին եւ հարկային մարմնին` իր մոտ վարվող տվյալ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ:

Եթե որեւէ առեւտրային բանկ այլ առեւտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզում է, որ հարկ վճարողի այլ առեւտրային բանկում բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներն արգելադրված են նույն արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով, ապա տվյալ առեւտրային բանկը պարտավոր է հաղորդագրությունները ստանալուց հետո` առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արգելանքից հանել իր մոտ վարվող հարկ վճարողի` տվյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ բանկային հաշիվներում հարկ վճարողի ունեցած դրամական միջոցների արգելադրման մասին որոշումը չի տարածվում պետական բյուջե վճարման ենթակա դրամական միջոցների փոխանցման վրա:




Լրահոս