Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն ճյուղերից մեկի` շինարարության ոլորտում, կարծես թե, դրական տեղաշարժ կա: Համենայն դեպս, այս մասին են խոսում պաշտոնական վիճակագրության տվյալները:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ անցած տարում շինարարության ծավալները, 2016 թվականի համեմատ, 2.2 տոկոսով են աճել: Ասել է, թե անցած տարում իրականացվել է 415 մլրդ 873 մլն դրամի շինարարություն: Ինչը հիմնականում պայմանավորված է միջազգային վարկերի միջոցներով իրականացված շինարարության ծավալների` 20.5 տոկոս աճով:
Բայց մյուս կողմից 2.2 տոկոսով նվազել են պետական միջոցներով իրականացվող շինարարության ծավալները: Այսինքն` անցած տարում պետական բյուջեի միջոցներով իրականացվել է 38 մլրդ 585 մլն դրամի շինարարություն: Համայնքների միջոցներով իրականացվող շինարարության ծավալները եւս նվազել են` 26.1 տոկոսով` կազմելով 6 մլրդ 463 մլն դրամ: Միայն Համաշխարհային բանկի միջոցներով անցած տարում կատարվել է 15 մլրդ 667 մլն դրամի շինարարություն, Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջոցներով իրականացվել է 1 մլրդ 801 մլն դրամի շինարարություն, իսկ Ասիական զարգացման բանկի միջոցներով` 17 մլրդ 362 մլն դրամի: Ի դեպ, տեղեկացնենք, որ Ռուսաստանի Դաշնության միջոցներով իրականացվել է 9 մլրդ 707 մլն դրամի շինարարություն:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականցվող շինարարության ծավալներն են զգալի նվազել` 43.5 տոկոսով: Այսինքն` նշված հիմնադրամի միջոցներով իրականացվել է 575 մլն 700 հազար դրամի շինարարություն:
Հայ առաքելական եկեղեցու միջոցներով կատարվող շինարարության ծավալներն են կտրուկ ավելացել` 78.6 տոկոսով: Այլ կերպ ասած` Հայստանում բնակելի տների, շենքերի, բիզնես կենտրոնների փոխարեն սկսել են եկեղեցիներ կառուցել: Ի դեպ, Հայ առաքելական եկեղեցու միջոցներով իրականացված շինարարությունը կազմել է մոտ 2.5 մլրդ դրամ: Օտարերկրյա ներդրողների միջոցներով կատարված շինարարության ծավալները աճել են 3.9 անգամ եւ կազմել 43 մլրդ 673 մլն դրամ: Իսկ ահա բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալների աճը կա, բայց չնչին է` 0.1 տոկոս: Այսինքն` բնակչության միջոցներով Հայաստանում իրականացվել է 102 մլրդ 181 մլն 200 հազար դրամի շինարարություն:
Սյունէ Համբարձումյան