«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու` իսկական շոուի վերածված նիստի շուրջ շարունակվում են քննարկումները: «Երկիր Ծիրանի խմբակցության ավագանու անդամներից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պաշտպանելու հանձնառությունն իրենց վրա վերցնողների թվում էին Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նրա հետ` փորձելով հասկանալ, թե ինչու կնոջ հետ նման կերպ վարվեցին:
-Պարո՛ն Օհանյան, նիստում տեղի ունեցած միջադեպի կադրերից էլ երեւում է, որ կարծես թե ՀՀԿ-ական ավագանու անդամների կողմից հարձակում է լինում «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանի վրա. նրան հարվածներ հասցրին: Ինչո՞ւ Դուք եւ Ձեր գործընկերները նման կերպ վարվեցիք:
-Այդ իրավիճակում էլ ուրիշ ինչպե՞ս պետք է վարվեինք:
-Բայց ըստ Ձեզ` ի՞նչ կարող էր լինել: Գո՞ւցե Մարինա Խաչատրյանը պարզապես այդ տարան դներ քաղաքապետի սեղանին ու նստեր իր տեղում:
-Ինքը նախօրոք պատրաստվել էր, այսինքն` չէր պատրաստվում դներ ու հեռանար:
-Ի՞նչ վտանգ կարող էր լինել Տարոն Մարգարյանի համար:
-Ընդամենը գործընթացը նայենք. դա ընդունելի՞ է, թե՞ ոչ: Դրա դրսեւորման տարբեր ձեւեր կան, չէ՞: Ես չեմ հիշում դեպք, երբ իրենք հարց բարձրացնեն, ու այդ հարցին համապատասխան ընթացք չտրվի: Եվ ես չեմ խորանում` ի՞նչ կարող էր լինել…: Ես ինձ հարգած չէի լինի, եթե այդ պարագայում չկանխարգելեի:
-Իսկ Տարոն Մարգարյանի կողմից գովասանքի արժանացե՞լ եք: Նա ողջունե՞լ է Ձեր եւ մյուս ՀՀԿ-ականների պահվածքը:
-Բայց դա ի՞նչ ողջունելու կամ ուրիշ մի խնդիր է: Ես ասում եմ` ինձ հարգած չէի լինի, եթե այդ ձեւով չփորձեի կանխարգելել:
Ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: