Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետանում ՀՀԿ-ական ավագանու անդամները ծեծի ենթարկեցին ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Մարինա Խաչատրյանը փորձել էր օգնել էրեբունի վարչական շրջանի բնակիչներին եւ տարայով լի կոյուղաջուրը մոտեցրել էր Տարոն Մարգարյանին: Բանն այն է, որ արդեն մի քանի տարի է` վարչական շրջանի բնակիչները բարձրաձայնում են, որ խողովակների անմխիթար վիճակի պատճառով իրենք գարշահոտություն են շնչում, սակայն պատկան մարմինները մեկը մյուսի վրա էին գցում, եւ խնդիրը չի լուծվում:
Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ Դավիթ Գրիգորյանն ասել է, որ ինքը բնակիչների հետ բազմիցս հարցը բարձրացրել է. «Մենք ահազանգել ենք, որ քրեակատարողականից խնդիրը վերացնեն: Դա քաղաքապետարանի խնդիրը չէ: Հիմնարկի ղեկավարությունը պետք է լուծեր այս հարցը: Մենք հիմա միջամտում ենք, որ խնդիրը լուծվի: Կրկնում եմ` ես բնակիչների հետ բազմիցս բարձրացրել եմ այդ հարցը: Դիմել ենք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին, որպեսզի իրավիճակը կարգավորվի»:
Արդյունքում, երբ կին ծեծվեց, քնից արթնացան թաղապետը, ՔԿ վարչությունը եւ սկսեցին շինարարական աշխատանքները:
Ըստ էության ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի ծեծը մնաց ԱՆ ՔԿԾ պետ Ռաֆայել Հովհաննիսյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանի, նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանի խղճին եւ պատասխանատվությանը: Նշենք, որ Ռաֆայել Հովհաննիսյանը 2005 թվականից աշխատում էր որպես ԱՆ ՔԿՎ պետի տեղակալ, եւ այդ ժամանակներից վեց վարչության պետ է փոխվել` Սամվել Հովհաննիսյան, Աշոտ Մարտիրոսյան, Աշոտ Գիզիրյան, Հայկ Հարությունյան եւ Արթուր Օսիկյան:
Ինչեւէ: Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զուցեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նորանշանակ պետ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, Դուք 2005 թվականից եղել եք ԱՆ ՔԿՎ պետի տեղակալ: Էրեբունի թաղապետ Դավիթ Գրիգորյանն ասեց, որ Նուբարաշենի ղեկավարությունը պետք է խնդիրը կագավորեր, բազմիցս դիմել էին, կի՞ն պետք է ծեծեին, որ սկսեիք կոյուղաջրերի շինարարական աշխատանքները:
-Ես տեղակալ եղել եմ ուրիշ գծով, տնտեսական գծով տեղեկալը ես չեմ եղել: Սա պայմանավորված աշխատանք էր, որը կատարվեց:
-Բայց կին ծեծեցին, նոր սկսեցիք խնդրին լուծում տալ:
-Պայմանավորված աշխատանք էր, որ կատարվեց:
-Հիմա Ձեր մեղքով կին ծեծեցին, Ձեր խղճին մնա՞ց դա:
-Ձեզ նորից եմ ասում` ես այլ գծով էի տեղակալ, դա իմ ֆունկցիաների մեջ չէր մտնում, որ մանրամասները ես իմանայի:
-Այսինքն` այսքան տարի լինելով պետի տեղակալ` ծանոթ չէիք, հա՞, խնդրին, ու մեկ ամիս է` պետ եք, ու հենց կին ծեծեցին, իմացա՞ք:
-Ծանոթ չէի, նոր եմ ծանոթացել:
Քնար Մանուկյան