Նախկին ոստիկանը` անելանելի վիճակում. նրան կրկին կկալանավորեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին ոստիկան Վահան Գրիգորյանը, որ պայմանական վաղաժամկետ է ազատ արձակվել, հայտնվել է անելանելի վիճակում: Բանն այն է, որ արդեն 6 ամիս է, ինչ նա ազատության մեջ է, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ նրան կրկին կկալանավորեն:  Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի շուրջ ստեղծված անորոշությանը: Անկախ հանձնաժողովի գործունեությունից ոչ բոլոր դատապարտյալներն են գոհ եւ իրենց նկատմամբ որոշումները բողոքարկում են ՀՀ երեք ատյաններում, սակայն մեր այս պատմությունը ուրիշ կինո է:

5 ամիս առաջ պայմանական վաղաժամկետ ազատ արձակված նախկին դատապարտյալ Վահան Գրիգորյանին մի քանի օրից կրկին կալանավորելու են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վ. Գրիգորյանը հայտնեց, որ 2014 թվականին 5 տարի ազատազրկման է դատապարտվել շորթման եւ կաշառք տալու գործով. «2014 թվականի հունվարի 28-ին շորթման եւ կաշառք տալու գործով ազատազրկման եմ դատապարտվել: Պատժիս կրման 2.5 անց եմ կացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, քանի որ նախկին ոստիկան եմ եղել, իսկ հետո մյուս պատիժը անց եմ կացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Իմ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար դիմում էի գրել»:

Ըստ մեր զրուցակցի` անկախ հանձնաժողովը ուսումնասիրում է դատապարտյալի դիմումը եւ հիմք ընդունելով «Արմավիր» ՔԿՀ պետի դրական բնութագիրը` Գրիգորյանի մասով որոշում է կայացնում. «2017 թվականի օգոստոսին անկախ հանձնաժողովը որոշում է, որ ես ենթակա եմ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, որից հետո էլ Էջմիածին քաղաքի առաջին ատյանի դատավոր Վահե Խալաթյանն է որոշում կայացնում, եւ ինձ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակում:

Սակայն մեղադրող դատախազ Ա. Խաչատրյանը դիմում է ՀՀ վերաքննիչ դատարան եւ բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչի արդյունքում էլ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարում է մեղադրող դատախազի դիմումը, եւ ինձ պատրաստվում են կրկին կալանավորել: Այս որոշման հիմքում էլ ընկած է այն, որ մի անգամ ՔԿՀ-ում ինձ նկատողություն են արած եղել, ախր դա արդա՞ր է:

Հիմա եթե անկախին բանի տեղ չեք դնում, պետին բանի տեղ չեք դնում, առաջին ատյանի դատարանն էլ բանի տեղ չեք դնում, ի՞նչ եք այդքան մարդ զանիտ արել, հենա միանգամից մեր գործերը ուղարկեք ՀՀ վերաքննիչ դատարան, թող վերաքննիչ դատարան էլ որոշում կայացնի` թողնի կամ չթողնի: Այս ինչ մոտեցում է: Ես 50 տարեկան մարդ եմ, օգոստոս ամսից ազատության մեջ եմ, տանս աշխատում եմ, փականագործ եմ, հարկայինում գրանցված եմ, դուրս գալուց հետո նորմալ աշխատանքի եմ անցել, ինչի՞ եք այսպես վարվում մեզ հետ: Մի 10-15 օրից ինձ պետք է գան, կալանավորեն, այս ինչ մոտեցում է, մարդիկ բնութագիր են տվել, կա որոշում, ի՞նչ եք ուզում մեզանից»:

Քնար Մանուկյան




Լրահոս