ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղ նստացույցը գնալով ավելի ու ավելի թափ էր հավաքում. ինչպես և ինչու գնդակահարվեցին ՀՀ 10 քաղաքացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է մարտի 1-ի սպանդի 10-րդ տարելիցը: Իրադարձություն, որը, ինչպես եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, կարելի է համարել Հայաստանի պատմության ամենասեւ էջերից մեկը: 10 տարի առաջ այդ օրը` լուսադեմին, իշխանությունը հարձակվեց եւ ցրեց խաղաղ նստացույցը, ապա երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարեց 10 ցուցարարի: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ե՛ւ հոկտեմբերի 27-ը, ե՛ւ մարտի 1-ը մեծ հարված էին պետականությանը եւ դարձան պետության հիմքերի տակ դրված վառոդի տակառ:

Ամեն ինչի մասին հերթով. 2008թ. չընդունելով նախագահական ընտրությունների կեղծված արդյունքները, ըստ որի` հաղթող էր ճանաչվել վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցների հետ Ազատության հրապարակում սկսեց հանրահավաքների շարքը: Հակառակ իշխանությունների ճնշումներին, ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալություններին, խաղաղ նստացույցը գնալով ավելի ու ավելի թափ էր հավաքում, եւ իշխանական բուրգը սկսել էր ճաք տալ: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը սկսել էին միանալ իշխանական թեւից. անմիջապես իր աշխատասենյակից Ազատության հրապարակ էր եկել նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

Տեր-Պետրոսյանի կողքին էին այն ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մի քանիսը` Մյասնիկ Մալխասյան, Հակոբ Հակոբյան, Սասուն Միքայելյան, նաեւ բազմաթիվ դիվանագետներ, տարբեր պետական գերատեսչությունների աշխատակիցներ:
Տեսնելով, որ համաժողովրդական շարժումը գնալով թափ է հավաքում, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրահանգեց պարզապես ուժային մեթոդներով ցրել ընդդիմադիրների խաղաղ նստացույցը: Ընդ որում, այդ քայլին իշխանությունները գնացին մարտի 1-ի լուսադեմին` ժամը 6.30 սահմաններում: Նրանք իրենց քայլը պատճառաբանեցին, թե իբր զենք ու թմրանյութեր են փնտրում: Բայց իրականում նրանց նպատակը ցուցարարներից Ազատության հրապարակն ազատագրելն ու ընդդիմադիր առանցքային դեմքերի ձերբակալությունն էր: Իսկ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացրին Ազատության հրապարակից, տունը շրջափակեցին ոստիկանության եւ ազգային անվտանգության աշխատակիցներով: Մայրաքաղաք էին բերվել նաեւ զինված ուժերի ստորաբաժանումներ, հակառակ նրան, որ ՀՀ Սահմանադրությամբ բանակն իրավունք չունի միջամտելու ներքաղաքական իրադարձություններին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Արման Գալոյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս