Պրահայում ու Չեխիայի խոշոր քաղաքներում չեն դադարում զանգվածային ցույցերը. հազարավոր մարդիկ պահանջում են չեղարկել խորհրդարանի ընդունած որոշումը, որով կոմունիստների օրոք ցուցարարների դեմ ուժ կիրառած ոստիկանապետերից Զդենեկ Օնդրաչեկը նշանակվել է իրավապահ ուժերի գործողությունները վերահսկող հանձնաժողովի նախագահ: Ընդդիմախոսները հիշեցնում են՝ կոմունիստ Օնդրաչեկի առաջնորդած ոստիկանական ստորաբաժանումը 1989-ին բռնի ուժ էր կիրառել հանուն ժողովրդավարության փողոց դուրս եկած ցուցարարների դեմ, հետեւաբար իրավունք չունի ստանձնելու նման գործառույթ:
Չեխիայի քաղաքացիների այս քայլերին իսկապես կարելի է նախանձել: Սա խոսում է սեփական պետության հանդեպ պատասխանատվության զգացումի եւ, ընդհանրապես, քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակի մասին: Անկախ երկրի քաղաքացիներն անգամ երեք տասնամյակ անց չեն հանդուրժում պաշտոնյային, որը համաձայնել էր կատարել կոմունիստական իշխանության հրահանգն ու ճնշել հանուն ժողովրդավարության անցկացված ցույցը:
Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում նման իրադարձություն: 90-ականների սկզբին, երբ Հայաստանը նոր էր անկախացել, միանգամայն հնարավոր էր: Հիմա՝ ոչ: Ցավոք: Ընդհակառակը, այսօր Հայաստանը հաստատուն քայլերով գլորվում է դեպի կոմունիստական, բրեժնեւյան ժամանակները: Այսօր ըստ էության միաձուլվել են պետությունն ու իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Եւ հետո` պետության գլուխ կանգնած են խորհրդային տարիների կուսակցական ֆունկցիոներները, նույն անձինք, որոնք 30 տարի առաջ ժրաջանորեն պայքարում էին անկախության համար ոտքի կանգնած ժողովրդի դեմ. դրա համար էլ այսօր չեն նշում Շարժման 30-ամյակը:
Բավական է միայն հիշել՝ Սերժ Սարգսյանը ժամանակին Ղարաբաղում Կոմկուսի ակտիվ ֆունկցիոներներից էր, ինչպես եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Էլ չենք խոսում այն մասին, որ 2008թ. մարտի 1-ի ակտիվ դերակատարները՝ մայրաքաղաքի կենտրոնում տասը հոգու գնդակահարած իշխանությունը, շարունակում են մնալ պետության գլխին եւ պաշտոնական առաջխաղացում են ապրում` չմոռանալով ժողովրդավարության մասին լացակումած ճառեր արտասանել: Եւ հասարակությունը հանդուրժում է ոչ միայն նրանց՝ իշխանության ղեկին մնալը, այլ նաեւ պաշտոնական առաջխաղացումները: Եվրոպայում նման իշխանությունը վաղուց հեռացած կլիներ, իսկ ժողովրդին գնդակահարելու հրաման տված իշխանությունը, այդ հրամանը կատարած պաշտոնյաներն առնվազն բանտերում կլինեին: