ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԴԵՂԱՏՈՄՍ 500 ԴՐԱՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեղերի բացթողման նոր կարգը մեծ խառնաշփոթ է առաջացրել առողջապահական համակարգում: Ինչպես հայտնի է` մարտի 1-ից մի շարք դեղեր վաճառվում են միայն դեղատոմսով: Բայց չնայած սրան` դեղատան աշխատակիցը, բժիշկը, հիվանդը լիարժեք իրազեկված չեն եւ դեռ պատրաստ չեն աշխատել դեղատոմսով:

Արդեն 6 օր է, ինչ ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Մինչդեռ մեր հայրենակիցները, անկախ ամեն ինչից, կարողանում են գումար աշխատելու բազմահազար տարբերակներ գտնել: Նրանք այս հարցում ուղղակի նախանձելի են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի մի շարք դեղատներ իրենց մոտ ունեն դեղատոմսեր, որոնք քաղաքացիներին առաջարկում են 500 դրամով: Դեղատոմսում դեղն էլ են նշում, վաճառում, հետո ճանապարհում են տուն: Այս երեւույթը առկա է հատկապես մարզերում: Երբ մարդիկ ժամանակ կամ ընդհանրապես գումար չունեն` բժշկի գնալու, մի շարք հետազոտություններ անցնելու, լրացուցիչ գումարներ ծախսելու, օգտվում են հենց այս տարբերակից:
Բայց մյուս կողմից դեղերի բացթողման նոր կարգը խիստ անհանգստություն, արդեն մի շարք անհարմարություններ է առաջացրել հատկապես գյուղի բնակիչների մոտ: Այսինքն` դեղի խիստ կարիք ունեցող գյուղի բնակիչը պետք է գյուղից գյուղ գնա, որպեսզի կարողանա բուժկետից ձեռք բերել դեղատոմս: Հայտնի է, որ գյուղեր կան, որտեղ ուղղակի բացակայում են բուժկետերը, պրոֆեսիոնալ մասնագետների մասին ավելորդ է անգամ խոսել: Իսկ գյուղեր էլ կան, որտեղ թեեւ բուժկետ կա, բայց անմխիթար, անմարդկային պայմաններ ունի:
Համաձայնեք, որ այս ամենի արդյունքում լուրջ խնդիրների առաջ են կանգնելու հիմնականում հեռավոր, խոշորացված համայնքների բնակիչները: Այսինքն` գյուղացին պետք է հոլի պես պտտվի, որպեսզի կարողանա նախ` գտնել բժիշկ, ապա` դեղատոմս` այդ ընթացքում միայն տրանսպորտի համար բավական գումար ծախսելով: Ավելին` Հայաստանում քիչ թիվ չեն կազմում այն դեղատները, որոնք չունեն պատճենահանող սարք, որով պետք է պատճենահանեն դեղատոմսը եւ այսպես շարունակ:
Բացի այս` դեղերի բացթողման կարգի գործելու հետեւանքով անհարմար դրության մեջ են ընկել մայրաքաղաքի եւ մարզային պոլիկլինիկաներից օգտվող քաղաքացիները: Ինչպես եւ կանխատեսվում էր` այս ամենի արդյունքում բժշկական կենտրոններում մեծ հերթեր են գոյացել. մարդիկ դեղատոմս ստանալու համար անմիջապես գնացել են բժշկի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պոլիկլինիկաներ դիմած հիվանդների մեծ մասը քաշքշուկների մեջ են ընկել, քանի որ հայտնի է` պոլիկլինիկաների մասնագետների մեծ մասի աշխատանքային ժամը 09:00-ից մինչեւ 13.00-13:30 է, շատ դեպքերում` մինչեւ ժամը 12:00-ը: Հիվանդերը մի դեղատոմս ստանալու համար ստիպված բժշկի աշխատասենյակի մոտ օրերով անհույս սպասում են:
Առողջապահության նախարարության մասնագետները ամեն պատեհ-անպատեհ առիթի ոգեւորված հորդորում են քաղաքացիներին ինքնաբուժությամբ չզբաղվել: Բայց փոխարենը իրենց սահմանած կարգերն անկազմակերպ ու փնթի են կիրառում: Մեր քաղաքացիները մեկ այլ խնդրի առաջ են կանգնելու. պարզվում է` նոր կարգով դեղատան աշխատողը չի կարող դեղը հատիկով վաճառել, այլ միայն տուփով: Բայց մեր օրերում հայտնի է, որ մարդիկ հազիվ են կարղանում հատիկով դեղ գնել: Անգամ կան մարդիկ, ովքեր գումար չունեն` դեղ գնելու համար, եւ օրերով չեն օգտագործում այն:
Ըստ որոշ տեղեկությունների` դեղերի բացթողման այս նոր կարգից դժգոհություններն ավելի բուռն են լինելու հուլիսի 1-ից, երբ առանց դեղատոմսի չի թույլատրվի բացթողնել սրտանոթային դեղամիջոցները: Մյուս կողմից` անհասկանալի է, թե ինչպես է առողջապահության նախարարության կողմից ստեղծվող մարմինը վերահսկելու դեղատների եւ բժիշկների աշխատանքը: Դեղերի բացթողման նոր կարգի շիլա-շփոթից դժգոհ են նաեւ մի շարք բժիշկներ:
Եւ սա այն դեպքում, երբ ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված են դեղատոմսով եւ առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերը, սակայն նշված չէ այն իրավական ակտը` ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով նախատեսված են այդ ցանկերը: Ավելին` arlis.am կայքում առկա են ՀՀ առողջապահության նախարարի գործող երկու նույնանուն հրամաններ ՀՀ-ում առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը հաստատելու մասին: Զավեշտալին կայանում է նրանում, որ վերոնշյալ երկու հրամաններն ընդունվել են 2005 եւ 2007 թվականներին` ի կատարումն «Դեղերի» հին օրենքի, որն ուժը կորցրել է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ` 2016 թվականի մայիսի 17-ին: Ստացվում է, որ այս պահին չկա որեւէ գործող իրավական ակտ, որը կարող է հիմք հանդիսանալ դեղերը դեղատոմսով կամ առանց դեղատոմս դասելու ցանկերին, որի արդյունքում փաստացի չի կարող ապահովվել «Դեղերի մասին» օրենքով եւ ՀՀ կառավարության` փետրվարի 28-ին ուժի մեջ մտած N 1402-Ն որոշման պահանջները: Ասել է, թե առանց իրավական ակտի նախարարությունը դեղատներին եւ բժիշկներին պարտադրում է դեղատոմսով դեղ ձեռք բերել: Արդյո՞ք տեղյակ է այս ամենին ՀՀ կառավարությունը, հարցին տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանն անմիջապես արձագանքեց` նշելով, որ հարցի պատասխանատուն առողջապահության նախարարությունն է: Մինչդեռ առողջապահության նախարարությունը հայտարարում է` հաշվի առնելով նախորդ ձեւաչափով ցանկերի հաստատման աննպատակահարմարությունը` նոր օրենքով նման ցանկեր հաստատելու պահանջ չի սահմանվել: Գործող իրավական ակտերով առողջապահության նախարարի կողմից նշված ցանկերի հաստատում չի պահանջվում:
Նրանց պատմելով` կարգը թեեւ գործում է մարտի 1-ից, բայց իրենց դեղատոմսերի ձեւերը ստացել են մեկ օր ուշ, իսկ դեղատոմսերի վրա դրվող կնիքները` երկու օր:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ. «Այդ միջոցառումը անխուսափելի էր, վաղուց պետք է դրվեր, որովհետեւ քաղաքակիրթ ողջ աշխարհը տասնյամյակներ է, որ այդ ուղղությամբ է գնացել, որովհետեւ դեղը չեն գնում, այլ նշանակում են, ապա դուրս են գրում»: Նա եւս համոզված է, որ առողջապահության նախարարությունը լայնածավալ եւ երկարատեւ իրազեկման ծրագիր չի իրականացրել: «Այստեղ է հիմնական բացը` իրազեկման լիարժեք եւ լայնածավալ եւ ժամանակի մեջ տեղեկացվածության հարցը լուծելը: Այս ամիսների ընթացքում հնարավոր էր լիարժեք ծանոթացնել այս գործընթացին մասնակցող երեք շերտերին, դա հիվանդներն են, դեղատնային համակարգը եւ բժշկական ծառայություն մատուցողները: Այս երեք խաղացողները անակնկալի են եկել եւ գրեթե տասն օր առաջ են սկսել տեղեկանալ»,- հայտարարեց մասնագետը:
Զրույցի ընթացքում Ա. Մկրտչյանը նկատեց, որ վերահսկողության մեխանիզմներն անորոշ են: «Երբ մեր երկրում մի բան խստացվում է, միանգամից բուսնում են բազմապիսի, բազմերանգ հսկողներ եւ Հայաստանում բնակչության մի կեսը մյուս կեսին է վերահսկում: Դեղատները տանջելու են, մարդիկ ընկնելու են դռնեդուռ, դատարաններ, կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ են: Մենք, ինչպես միշտ, վերջից ենք սկսում»,- ներկայացրեց Մկրտչյանը:
Հ.Գ. Իսկ մինչ այդ, չենք զարմանա, եթե մի օր էլ պարզենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն այս կարգի կիրառման համար որպես դրամաշնորհ բավական մեծ գումար է ստացել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս