ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱԾԻ ՉԻՆԱՍՏԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանում բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում` կապված պետության մայր օրենքի փոփոխության հետ: Իշխող ուժը որոշել է վերանայել Չինաստանի Սահմանադրությունը` գործող նախագահ Սի Ծինպինի համար իր պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորություն ստեղծելով: Երկու ժամկետի սահմանադրական արգելքի վերացման պարագայում Ծինպինը թերեւս կդառնա Չինաստանի ցմահ առաջնորդը` իր համար տեղ ապահովելով «չինական հրաշքի հայրերի» շարքում:

Չինաստանի կոմկուսն իր վերջին համագումարում որոշում էր կայացրել պետության Սահմանադրության մեջ ամրագրել Սի Ծինպինի ուսմունքը` վերջինս դասելով մարքսիզմ-լենինիզմի ու Մաո Ցզեդունի ուսմունքների կողքին, որոնք չինական պետության ու հասարակության անկյունաքարն են: Եվ ահա այսօր Ծինպինը հավասարեցվում է Մաո Ցզեդունին, Դեն Սյաոպինին ու Չինաստանի մյուս երեւելիներին` պարզորոշ ցուցադրելով, որ Չինաստանի նախագահը պատրաստվում է պահպանել իր դիրքերը: Սակայն եթե նախկինում հիմնավոր կասկած կար, որ Ծինպինը կնախընտրի կուսակցության ղեկավարի պաշտոնը` առանց պետության իրավական հիմքերին դիպչելու, ապա այսօր արդեն հստակ է, որ նա Սահմանադրությունը պատրաստվում է կարկատել սեփական ճաշակով:
Այս ամիս նախատեսվում է, որ Չինաստանի կոմունիստական կուսակցության նախաձեռնությունը Չինաստանի Ազգային ժողովում կվավերացվի` թույլատրելով Չինաստանի նախագահին ու վարչապետին առաջադրվել նույն պաշտոնի համար անսահմանափակ քանակությամբ: 5-ամյա երկու ժամկետի արգելքը, ըստ այդմ, վերացվելու է` կանաչ ճանապարհ հարթելով գործող նախագահի համար: Վերջինս, փաստորեն, պատրաստվում է խախտել նախորդ 20 տարիների ձեւավորված ավանդույթը, երբ նույն անձը երկու անգամից ավելի չի առաջադրվել նախագահի պաշտոնում: Նման զարգացման առաջին նախանշանն այն էր, որ Ծինպինը երկրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելիս չներկայացրեց իր հավանական ժառանգորդին: Սա լրջագույն հիմք էր տվել արեւմտյան վերլուծաբաններին եզրակացնելու, որ Ծինպինը հեշտությամբ հեռացողը չէ եւ ամեն ինչ անելու է` իշխանության ղեկին մնալու համար: Սակայն Ծինպինը թերեւս կարող էր մնալ կուսակցության գլխավոր քարտուղար` արարողակարգային նախագահությունը թողնելով մեկ այլ գործչի: Ի վերջո, չինական կառավարման համակարգը գրեթե ամբողջությամբ կրկնում է Խորհրդային Միության մոդելը, որտեղ կուսակցության առաջին քարտուղարը կենտրոնացրել է ամբողջ իշխանությունն իր ձեռքում եւ ամենեւին էլ պարտադիր չէ, որ կրի Սահմանադրությամբ վերապահված գործադիր իշխանության պարտականությունները: Այսժամ կրկին հիշատակվում էր Դեն Սյաոպինի ստեղծած համակարգը, որը հեռացել էր կառավարման բարձրագույն պաշտոններից, մինչդեռ մինչեւ 1997թ. իր մահը հանդիսանում էր պետության իրական առաջնորդը կուսակցության ղեկավարումն իրականացնելու միջոցով:
Սի Ծինպինը հետեւողականորեն հեռացրել է իր քաղաքական հակառակորդներին` ասպարեզում մնալով իբրեւ «անփոխարինելի»: Իր նախորդին` Հու Ջինթաուին, նա հաջողությամբ մեկուսացրեց քաղաքական կյանքից: Վերջինս իր պաշտոնաթողությունից հետո գրեթե հանրային միջոցառումներում չի երեւացել, իսկ նրա կողմնակիցները քանիցս մեղադրվել են կոռուպցիոն գործերով: Հակակոռուպցիոն պայքարի անվան տակ դաշտը մաքրելով քաղաքական մրցակիցներին` այժմ Ծինպինը հանդես է գալիս իբրեւ Չինաստանի առաջնորդ, առանց որի պետությունն ապագա չունի, արեւը այլեւս չի երեւա երկնակամարում, իսկ Չինաստանի զարգացումը հօդս կցնդի: Ահա նման քարոզ է տարվում է այդ երկրում` ստեղծելու Ծինպինի լեգենդը: Սակայն Չինաստանի նախագահը ցուցաբերում է դասական բռնապետական հակումներ` թելադրված Երկրորդ աշխարհամարտից հետո չինական հասարակության ձեւավորման առանձնահատկություններից: Հիմք ընդունելով նախորդ որոշ առաջնորդների ցմահ կառավարման ավանդույթները` Ծինպինը այսօր նույնպիսի պատմություն է փորձում կերտել անձամբ իր համար:
Ի դեպ, ԱՄՆ նախագահ Թրամփը մեծապես ոգեւորվել էր Ծինպինի այս քաղաքականությամբ` իր թվիթերյան էջում գովեստներ շռայլելով նախագահական ժամկետը վերացնելու առթիվ: Սակայն Թրամփը ուժեղ հակահարված ստացավ ամերիկյան մտավորականության կողմից` թերեւս հասկանալով, որ մտքի ծայրով իսկ չանցկացնի ԱՄՆ-ի գլխին նույնպիսի պատուհաս բերելու մասին: Ի տարբերություն արեւմտյան ժողովրդավարությունների` Հայաստանը կարծես բռնել է արեւելյան բռնատիրությունների ուղին, ինչի վերջնական հաստատումը կլինի Սերժ Սարգսյանի վարչապետությունը: ՀՀԿ-ականների շուրթերից չիջնող «անփոխարինելի», «արեգակ», «ճաճանչափայլ» եւ բարոյական մարդու արժանապատվությունը ոտնահարող նմանատիպ այլ քծնախառը մակդիրների ուղեկցությամբ նախագահությունից վարչապետության անցնելով` Սերժ Սարգսյանը անխուսափելիորեն կհարվածի Հայաստանի միջազգային հեղինակությանը եւ ուղղակիորեն հավասարության նշան կդնի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Իսկ չէ՞ որ 2014թ. նա համոզված էր, որ մեկ անձը երկու անգամից ավելի չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին: Բայց ինքը, այնուամենայնիվ, շարունակելու է պաշտոնավարել` դե, իհարկե, կուսակցության որոշմանը անսալով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

«ԱՆԻԾՎԱԾ» ՊԱՇՏՈՆԸ
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը կարծես անիծված լինի, այն զբաղեցնողը որոշ ժամանակ անց ստիպված է լինում հեռանալ: 2015թ. հուլիսի 1-ին Հ. Աբովյանը որոշել է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնից ազատել Կարինե Դովլաթբեկյանին:
Վերջինս Տավուշի այդ վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է 17 տարի` 1998 թվականից: Մարզպետը որպես իր որոշման համար հիմք նշել է աշխատանքից ազատվելու վերաբերյալ Կ. Դովլաթբեկյանի դիմումը: Մարզպետի որոշմամբ մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող մասնակցի կողմից մարզպետարանի նշված վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը նշված վարչության պետի պարտականությունները դրվել են նույն վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանի վրա: Նարեկ Վանեսյանը, որ Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն էր ընտրվել 2015թ. մայիսին, մարզպետի որոշմամբ նույն տարվա հոկտեմբերին նշանակվեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ: 2 ամիս անց` 2015թ. դեկտեմբերի 30-ին, մարզպետ Աբովյանը որոշեց նրան ազատել նշված վարչության պետի պաշտոնից: Որոշման մեջ նշված է, որ դրա համար հիմք է հանդիսացել Ն. Վանեսյանի անձնական դիմումը: 2016թ. հունվարի 25-ին Հ. Աբովյանի որոշմամբ Լեւոն Վանցյանը նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, 2016թ. հունիսի 13-ին նա նշանակվել է այդ վարչության պետ: Մեկ տարի անց` 2017թ. հուլիսի 25-ին, Հ. Աբովյանը որոշել է Լ. Վանցյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Որպես մարզպետի որոշման հիմք նշված է Վանցյանի անձնական դիմումը: 2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններում Լ. Վանցյանը Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ՀՅԴ կուսակցությունից տարածքային թեկնածու էր: 2017թ. օգոստոսի 1-ին մարզպետը որոշել է մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից մարզպետարանի նշված վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը վարչության պետի պարտականությունները դնել այդ վարչության գլխավոր մասնագետ Սամվել Քամալյանի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Քամալյանը տեղեկացրեց, որ ինքը այդ պարտականությունները կատարել է մինչեւ այս տարվա փետրվարի սկիզբը, այժմ այդ պաշտոնը նորից թափուր է: Ս. Քամալյանը հայտնեց, որ այդ վարչության պետի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը կկայանա մարտի կեսին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՍԱՀՄԱՆԻՆ ԽՆՁՈՐԸ ՓՉԱՆՈՒՄ Է, ԻՍԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆԱԾ Է

ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչները երեկ փակել էին Վանաձոր-Երեւան ճանապարհը: Դժգոհող բնակիչների խոսքերով` իրենք չեն կարողանում իրենց պահեստավորած խնձորը արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Իսկ հայկական խնձորով բեռնված 12 մեքենաները արդեն մի քանի օր է` ինչ սահմանին կանգնած են: Բանն այն է, որ ռուսական կողմը հրաժարվում է թույլատրել հայկական խնձորի անցումը` պատճառաբանելով, որ այն հայկական չէ: Օհանավանցիների պատմելով` ռուսական կողմի ներկայացուցիչները անգամ կասկածել են, որ իրենք կարող էին այդքան խնձոր ունենալ:

Խնդրին միջամտել է նաեւ ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ով հանդիպելով գյուղացիների հետ` խնդրել է բացել ճանապարհը: Ապա խոստացել է խնդրի լուծմամբ զբաղվել: Բնականաբար հավատալով մարզպետի տված խոստումներին` գյուղացիները բացել են ճանապարհը: Ըստ դժգոհող գյուղացիների` մարզպետը այս հարցով դիմել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին, ով եւս իր հերթին խոստացել է բանակցել ռուսական կողմի հետ: Թե ինչ արդյունքներ կտան վարչապետի բանակցությունները, ժամանակը ցույց կտա: Բայց նկատենք, որ այս ընթացքում սահմանին օրերով կանգնած, բեռնված մեքենաների հայկական խնձորները փչանում են, ինչն էլ հսկայական վնասներ կհասցնի գյուղացուն: Ինչից հետո, բնականաբար, կառավարությունը դարձյալ նրան կթողնի միայնակ: Երեկվա դրությամբ օհանավանցիների բողոքի ակցիայի վերաբերյալ ծպտուն չհանեցին ո՛չ գյուղատնտեսության եւ ո՛չ էլ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունները: Հավանաբար երկրի տնտեսության զարգացման համար ավելի կարեւոր գործերով էին զբաղված:
Մյուս կողմից` գյուղմթերքի մթերմամբ եւ արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը նման պատմությունների մեջ չի ընկնում: Բայց ընկնելուն պես գյուղատնտեսության նախարարությունը հաստատ ընկերության կողքին կանգնած է լինելու:
Բայց ՌԴ-ի` նման վերաբերմունքը պատահական չէ. Ռուսաստանի` Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների ժամանակ որոշ հայ գործարարներ թուրքական ծագման լոլիկը, պղպեղը հայկականի անվան տակ արտահանեցին ՌԴ: Պատահական չէ, որ հայկական լոլիկի արտահանման ծավալները կարճ ժամանակում այդպիսի ահռելի աճ գրանցած լինեին մի իրավիճակում, երբ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում լուրջ փոփոխություններ չէին եղել: Դրանից հետո ռուսական կողմի վստահությունը կորավ: Այնպես որ, հիմա նրանք փորձում են նաեւ խնձորի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս