Մարտի 19-ին մեկնարկող ԱԺ նիստը խոստանում է հետաքրքիր լինել: Չնայած օրակարգում ընդգրկված շատ հարցեր քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ, սակայն կան նախագծեր, որ առաջին ընթերցում են անցնելու եւ հետաքրքիր քննարկումը երաշխավորվում է: Նախ` մարտի 19-ից մեկնարկող քառօրյայում ընդգրկված է լինելու Սահմանադրական դատարանի նախագահին ընտրելու հարցը:
Միակ թեկնածուն, ինչպես հայտնի է, Հրայր Թովմասյանն է, ով միայն վերջերս է դարձել ՍԴ անդամ, այժմ էլ նույն ճանապարհը պետք է անցնի արդեն ՍԴ նախագահի պաշտոնի համար. նրան կրկին պետք է ընտրեն փակ-գաղտնի քվեարկությամբ, եւ 2015թ. Սահմանադրության համաձայն` Թովմասյանը հնարավորություն կունենա մինչեւ 65 տարեկանը զբաղեցնել այս կարեւորագույն պաշտոնը:
Օրակարգում ընդգրկված է լինելու նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության նախագիծը՝ 2008թ. մարտի 1-2 իրադարձություններին վերաբերող, որն իշխանության ներայացուցիչներն անակնկալ կերպով ընդգրկեցին օրակարգի կազմի մեջ: Այնպես որ, համաձայնեք, բավական թեժ օրեր են սպասվում: