Մարտի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի դասախոսություն՝ նվիրված հայ կերպարվեստի նշանավոր դեմքերից մեկին՝ Մինաս Ավետիսյանին: Դասախոսության շրջանակում փորձ է արվելու համակողմանիորեն բացահայտել մարդ-նկարիչ-լեգենդ ամբողջությունը՝ իր միջավայրի եւ ժամանակի կոնտեքստում: Իհարկե, Մինասին արժեւորելու բոլոր դրսեւորումները գովելի են, սակայն անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ մեծ նկարչին նվիրված դասախոսություն անցկացնող Ազգային պատկերասրահը արդեն տեւական ժամանակ է՝ իր հարկի ներքո Մինաս մշտապես չի ցուցադրում. պատկերասրահի երկրորդ հարկից Մինասի եւ, ընդհանրապես, այդ ժամանակաշրջանի հայ մյուս անվանի գեղանկարիչների` Հակոբ Հակոբյանի, Աշոտ Հովհաննիսյանի եւ այլոց կտավները հանվել են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշեց, որ պատկերասրահի՝ 300 քմ տարածքը բավականացնում է ժամանակավոր ցուցադրությունների համար. «Երկրորդ հարկում ներկայացվել է Այվազովսկու ցուցահանդեսը, հիմա պատրաստվում ենք ներկայացնել Մինասինը: Նկարչի 90-ամյակին նվիրված խոշոր ցուցահանդես ենք պատրաստում, հետո 20-րդ դարի արվեստն է վերադառնալու, ներկայացուցիչներից մեկն էլ Մինասն է լինելու»-ասաց նա:
Պատկերասրահի հանրային կապերի բաժնի վարիչ Անուշ Նիկողոսյանն էլ պարզաբանեց. «Մինասի նկարները երկրորդ հարկից ոչ թե հանվել են, այլ սրահները ժամանակավորապես տրվել էին ուրիշ ցուցադրության, իսկ այդ նկարները պահվում են պատկերասրահի ֆոնդապահոցում: Պատրաստվում ենք մայիս ամսին այդ նկարների ցուցադրության: Կոնկրետ ամսաթիվ չեմ կարող ասել»: Հարցին՝ դա կլինի մշտական, թե ժամանակավոր ցուցադրություն, Ա. Նիկողոսյանը պատասխանեց. «Դա ժամանակը ցույց կտա: Մենք անընդհատ փորձում ենք թարմացնել հավաքածուն, դրսից այլ ցուցահանդեսներ բերել: Մայիսի ցուցահանդեսը հաստատ երկար կմնա պատկերասրահում, քանի որ այն սպասված է եւ մեծ աշխատանքների արդյունք է»:
Մեր հարցին, թե Մինասի կտավներն արդյո՞ք արժանի չեն մշտական ցուցադրության. «Իհարկե, արժանի են: Քանի որ հիմա պատկերասրահում հսկայածավալ աշխատանքներ են տարվում, սրահներ են վերանորոգվում, այն էլ՝ բացառապես պատկերասրահի ջանքերով, ուստի այդ աշխատանքները, ինչու՞ չէ, կմնան մշտական ցուցադրությունում, ինչպես մյուս հեղինակների գործերը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Հ.Գ. Որքան էլ Ազգային պատկերասրահի ներկայացուցիչները պնդեն, թե ասել` Մինասի նկարները հանվել են, սխալ կլինի, այնուամենայնիվ, նրա նկարները մշտական չեն ցուցադրվում:
Վերոնշյալ դասախոսության մասին տեղեկատվության մեջ նշվում է. «Մինասը հայ արվեստի այն հազվագյուտ կերպարներից մեկն է, ով դեռ իր ողջության օրոք ճանաչված եւ սիրված էր հանրության կողմից, իսկ սերունդների համար լեգենդ դարձավ»: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ ճիշտ կլիներ, եթե Ազգային պատկերասրահը ոչ թե ժամանակավոր, այլ մշտական ցուցադրության դներ Մինասի եւ այդ ժամանակաշրջանի անվանի գեղանկարիչներից գոնե մի քանի կտավ, այլ ոչ թե պահեր դրանք ֆոնդերում` այցելուների աչքից հեռու:
Անի Անտոնյան