ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության ժամանակ «Ելք» խմբակցության անդամները պահանջել էին փաստաթղթեր, որոնք կվկաեին, թե երբ է Արմեն Սարգսյանը հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Այդ նույն պահանջով ոստիկանություն էր դիմել նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյանը: «ժողովուրդ» օրաթերթը ոստիկանությանն ուղղված հարցման միջոցով փորձեց պարզել, թե ե՞րբ է Սարգսյանը ստացել ՀՀ քաղաքացիություն, եւ կա՞ն փաստաթղթեր, որոնք կվկայեն, թե նա չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ շնորհվել է 1995 թվականին: Նաեւ նշված է, թե ՀՀ քաղաքացիներն այլ պետության քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն տրամադրելու օրենքով սահմանված պարտականություն չունեն, եւ որ բնակչության պետական ռեգիստրում Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն: Այլ կերպ ասած` Սարգսյանի՝ Բրիտանիայի քաղաքացիութունից հրաժարվելու հիմքեր չկան նաեւ ոստիկանությունում:
Հիշեցնենք` Սարգսյանը 2002-2011թթ. եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, սակայն իր ասելով` հետագայում հրաժարվել է: Բայց ԱԺ-ում իր ընտրության ժամանակ Արմեն Սարգսյանը, հակառակ պատգամավորների պահանջներին, այդպես էլ չի ներկայացրել որեւէ փաստարկ` ապացուցելու, որ իրապես երբ է հրաժարվել Բրիտանիայի քաղաքացիությունից: