Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել: Ըստ պաշտոնական հաղորդագրության` խորհրդակցության ընթացքում քննարկվել են ժողովրդագրական իրավիճակի բարելավման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական պատկերի վրա ազդող հիմնական գործոններին, ներկայացվել են իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները:
Հասկանալի է` Կարեն Կարապետյանն այս խորհրդակցությունը հրավիրել էր Սերժ Սարգսյանի հայտարարած 2040 թվականին 4 մլն բնակիչ ունենալու ծրագրի շրջանակներում: Միայն թե, նկատենք, իրականում այս խորհրդակցությունները պարզ ժամավաճառություն են հիշեցնում: Սա մեկ պարզ պատճառով. Հայաստանի ժողովրդագրական խնդիրների պատճառները եւ լուծման ուղիները քաղաքական են, եւ ոչ այնքան կառավարության, որքան ողջ իշխանության եւ պետության ղեկավարման փիլիսոփայության ներքո են:
Հայաստանում ժողովրդագրական պրոբլեմները սրվել են արտագաղթի մեծ ծավալների, ինչպես նաեւ ծնելիության ցուցանիշի շարունակական անկման հետեւանքով: Մարդիկ արտագաղթում են առաջին հերթին այն պատճառով, որ շարունակում է չլուծված մնալ Ղարաբաղյան հակամարտությունը, եւ ամեն րոպե առկա է պատերազմի վերսկսման վտանգը: Ուստի շատերը խուսափում են իրենց արու զավակներին կիսապատերազմական երկրում բանակ ուղարկելուց` գերադասելով արտագաղթել: Ու քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հիմնահարցը, չի հաստատվել խաղաղություն, արտագաղթի ծավալների կտրուկ նվազում ակնկալելն առնվազն միամտություն է:
Մարդիկ նաեւ արտագաղթում են համատարած հուսալքության պատճառով. Հայաստանում «ապագա չեն տեսնում», այդպես ասում է արտագաղթողների ճնշող մեծամասնությունը: Եւ գիտե՞ք ինչու. այս տարիների ընթացքում մարդիկ դժգոհ են եղել իշխանությունների վարած քաղաքականությունից, պայքարել են իշխանափոխության համար, սակայն արդյունքի չեն հասել. ՀՀԿ-ն ամեն անգամ ամենատարբեր մեթոդներով՝ ընտրակեղծիքներով, բռնությամբ, սպանություններով, ընտրակաշառքով վերարտադրվել է: Ու ամեն մի կեղծված ընտրություն իր հետեւից բերեց հիասթափվածների եւ արտագաղթողների հսկա ալիք: Էլ չենք խոսում Հայաստանում տարիներ շարունակ տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մասին:
Արտագաղթի նման ծավալները, բնականաբար, իրենց հետեւանքներն են ունեցել բոլոր ոլորտներում, այդ թվում ծնելիության ցուցանիշների վրա: Այնպես որ, Հայաստանում խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն, նաեւ ԼՂ հիմնահարցի լուծում: Հավատացեք` դրանից հետո արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա, եւ ժողովրդագրական ոլորտն էլ կբարելավվի: