Նոր ճգնաժամի առաջ. ռուսական տնտեսությունը դժվար կացության մեջ է. ինչ է սպասվում Հայաստանին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների հետեւանքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին. միջազգային բորսայում ռուսական ռուբլին սկսել է մեծ տեմպերով գահավիժել: Սա նշանակում է, որ ֆինանսական շուկայում արդեն մի քանի օր շարունակվող ցնցումների արդյունքում ռուսական տնտեսությանը կրկին դժվարին ժամանակներ են սպասվում: Բնականաբար, այդ ամենն իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա: Նախ՝ մեր երկրի տնտեսությունը վաղուց ի վեր կորցրել է արտաքին բացասական ազդակներին դիմագրավելու ունակությունը. այսօր պարզապես չունենք իմունիտետ: Բացի այդ` ՀՀ տնտեսությունը առավել քան կախված է ռուսական տնտեսությունից` անմիջապես կլանելով այնտեղ կատարվող բացասական ամեն քայլ: Այդպես էր մինչեւ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցումը (երբ 2014թ. ուկրաինական ճգնաժամի հետեւանքով Արեւմուտքը ՌԴ-ի նկատմամբ կրկին պատժամիջոցներ էր կիրառել), իսկ հիմա, երբ Հայաստանը տնտեսական այդ միավորման անդամ է, իրավիճակն ավելի է սրվել:

Այսքանից հետո թվում էր՝ ՀՀ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի` սպասվող վտանգները չեզոքացնելու համար (ի վերջո, նաեւ հաշվի առնելով նախկինի փորձը): Բայց արի ու տես, որ, ընդհակառակը, իշխանությունները ոչ միայն դասեր չեն քաղել կատարվածից, այլեւ փորձում են հասարակությանը համոզել, թե ոչինչ էլ չի լինի: Ճիշտ եւ ճիշտ 2008-2009թթ համաշխարհային ճգնաժամի օրերի նման, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզում էր, թե այն կշրջանցի ՀՀ-ն, բայց արդյունքում ունեցանք 14 տոկոս անկում:
Հիմա ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար էմիլ Տարասյանը հայտարարել է, թե մտահոգության հիմքեր չեն տեսնում (նախարար Կարայանի մասին խոսելն անիմաստ է. նա վաղուց անցել է ընդհատակ): Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն էլ ԱԺ-ում փորձել է «դմփոց ռեֆորմների» համատեքստում տնտեսական աճի մասին հեքիաթը պատմել` ասելով, թե 2017թ-ին 7,5% տնտեսական աճ են ապահովել, հետո հավելել է, թե. «Այս տարի 4,5% տնտեսական աճ ենք կանխատեսել։ Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, կանխատեսում ենք դրանից բարձր թիվ եւ գալու ենք նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա զգալու է»:

Բայց արի ու տես, որ իշխանություններին դառը հիասթափություն է սպասվում. ՀՀ-ն կանգնած է ֆորսմաժորային վիճակի վտանգի առաջ, եւ պետք են լուրջ քայլեր, այլ ոչ թե շոուներ: Այնինչ` կառավարության ներկայացուցիչների պահվածքը վկայում է այն մասին, որ նրանք պարզապես չեն գիտակցում իրավիճակի լրջությունը կամ չեն ուզում գիտակցել: Այլապես շոուների փոխարեն քայլեր կանեին:




Լրահոս