Արցախյան հիմնախնդրի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ազատվի կեղծ պատրանքներից. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հակված չէ մտածելու, որ Արցախի չլուծված հարցը թողնում են հաջորդ սերունդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասաց «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Միգուցե էլի շահարկման առարկա դառնա, բայց փաստարկներից մեկը, որ այսօր ես վարչապետ եմ, հենց դրա հետ է կապված: Բանակցային գործընթացը պետք է շարունակվի: Մենք մեր դիրքրոշումները չենք փոխելու Արցախի հարցում»,- նշեց Սարգսյանը:

Նա հերքեց այն, որ հետագայում Հայաստանում կարող են իշխանության գալ մարդիկ, ովքեր կհամաձայնվեն Արցախը հանձնել Ադրբեջանին: «Ինձ համար դա մի քիչ անհասկանալի կլինի, և եթե հաջորդ սերունդների մասին է խոսքը, ես կարող եմ գերեզմանում շուռ գալ այդպիսի բան լսելով»,- կատակեց վարչապետը:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ազատվի կեղծ պատրանքներից: «Երբ ադրբեջանցիներն ազատվեն այդ պատրանքներից, ու այն մտքից, թե փոխզիջում՝ նշանակում է զիջում միայն հայկական կողմերից, այդ ժամանակ, իհարկե, խնդիրը կարող է լուծվել»,-հայտարարեց նա:

Վարչապետը նշեց, որ խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է, իսկ համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմերի կարծիքը:

«Մեր կարևորագույն խնդիրը պետք է լինի ամեն օր, ամեն ժամ հայկական զինված ուժերի մարտունակությունը պահպանելու և զարգացնելու վրա աշխատելը: Սա է ամենառեալ միջոցը կայունությունը պահպանելու:

Իհարկե, մենք պետք է զարգացնենք, խորացնենք մեր հարաբերությունները դաշնակիցների հետ, որովհետև նրանցից էլ է շատ բան կախված, բայց ամենահիմնականը հայ զինվորն ու սպան են»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:




Լրահոս