Նիկոլ Փաշինյանը հանդիսացավ այն ուժը, որը հանգած հրաբուխը բացեց. Սերժ Սարգսյանին կողմ քվեարկած պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավոր կողմ էր քվեարկել ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Սակայն հիմա, երբ Սերժ Սարգսյանը համաժողովրդական պայքարի արդյունքում հրաժարական է տվել, կրկին ընտրություններ պետք է կայանան, եւ «Ծառուկյան» խմբակցությունը պաշտպանելու է ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ, ով, ի դեպ, Ս. Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկած պատգամավորներից մեկն է:

-Պարո՛ն Բոստանջյան, համաժողովրդական շարժման` մինչեւ այս պահը բավական հաջող ընթացքն ինչո՞վ եք պայմանավորում:

-Դա պայմանավորում եմ ժողովրդական լինելու բնույթով: Տեւական, երկար ժամանակ, տասը տարի շարունակ մենք խոսում էինք համակարգի ոչ արդյունավետ գործունեության մասին: Անընդհատ բարձրաձայնել ենք այդ մասին խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս: Եվ փաստորեն տասը տարի շարունակ մենք չէինք տեսնում համակարգային փոփոխություններ, բարեփոխումներ: Դա ոչ միայն մենք էինք ասում, այլ, փաստորեն, ամբողջ հասարակությունը: Եվ դրա ամբողջ հետեւանքը եղավ այն, որ ժողովուրդը միանգամից դուրս եկավ, եւ, ամենակարեւորը, որ երիտասարդ մարդիկ, բացարձակապես նոր սերունդը դուրս եկավ արդեն` իրենց կամքն արտահայտելու, եւ իրենց դեմն առնել արդեն հնարավոր չէր: Եվ սրանով պայմանավորված` այս համաժողովրդական ակցիան հաջողություն ունեցավ:

-Իսկ Նիկոլ Փաշինյան անձով պայմանավորված չէ՞ր, չէ՞ որ հենց նա սկսեց «Իմ քայլը» շարժումը:

-Դե, իհարկե, Նիկոլ Փաշինյանով պայմանավորված էր: Բոլոր դեպքերում հասկանալի է, որ հասարակության մեջ արդեն իսկ դա վերածվել էր ատելության` այս ամենի մասով: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հանդիսացավ այն ուժը, որը հանգած հրաբուխը բացեց:

-Ատելության մասին նշեցիք: Իսկ կոնկրետ պաշտոնյաների նկատմամբ, ըստ Ձեզ, այդ ատելությունն առկա՞ էր:

-Գիտեք ինչ, եթե համակարգն ըստ էության անընդունելի է լինում, եւ շատ խնդիրներ են լինում` աշխատատեղերի բացակայություն, եկամուտների ցածր մակարդակ, գործազրկության բարձր մակարդակ, այս բոլորն արդեն բնական է, որ հենց համակարգից եկող են եւ իրենց արտացոլումը պետք է ստանան նաեւ, այո, մարդկանց վրա, կառավարողների վրա: Այն բոլոր մարդկանց նկատմամբ պետք է լինի ատելությունը, որոնք համապատասխան որոշումներ էին ընդունում:

-Ստեղծված պայմաններում, ըստ Ձեզ, Հանրապետական կուսակցությունն ի՞նչ պետք է անի:

-ՀՀԿ-ն կարող է դառնալ ընդդիմություն, եթե այդպես որոշեն: Ես իրավունք չունեմ խորհուրդ տալու, իհարկե: Բայց այս պարագայում նման տարբերակ կարող է լինել:

-Իսկ ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ այլ երկրներ որեւէ կերպ սատար չկանգնեցին Սերժ Սարգսյանին, երբ Հայաստանում իր հրաժարականի պահանջը դրվեց:

-Ես դա չեմ կարող ասել: Ինչ էլ որ ասեմ, կլինի դիլետանտի կարծիք այդ հարցում: Ամեն պարագայում որեւէ երկիր չպետք է միջամտի մյուսի գործերին:

-Ներկայում գլխավոր հարցերից մեկը վերաբերում է վարչապետի ընտրությանը: Կարծում եք` ՀՀԿ-ն պե՞տք է իր սեփական թեկնածուին առաջադրի, թե՞ միայն «Իմ քայլը» շարժման անդամներից մեկը պետք է լինի վարչապետի թեկնածու:

-Ես դա չեմ կարող ասել: Չգիտեմ` պե՞տք է առաջադրեն, թե՞ ոչ: Ամեն դեպքում` ինչպես որ իրենք որոշեն:

-Ձեզ համար ո՞վ կարող է լինել վարչապետի ընդունելի թեկնածու, ինչպիսի՞ն պետք է լինի այդ թեկնածուն:

-Դրա մասին երեւի թե հետո խոսենք:

-Եթե ՀՀԿ-ն առաջադրի վարչապետի իր թեկնածուին, Դուք տվյալ անձին կողմ կքվեարկե՞ք, եթե նա ընդունելի լինի Ձեզ համար:

-Գիտեք ինչ, ես ոչինչ չեմ կարող ասել: Այնպիսի հարցեր եք տալիս…

-Եթե Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվի, օրինակ, Կարեն Կարապետյանի, Վահրամ Բաղդասարյանի կամ այլ անձի թեկնածությունը, Դուք ինչպե՞ս կվարվեք:

-Դուք այնպիսի բան եք ասում: Թե ես ինչպես կքվեարկեմ, դա կերեւա այն ժամանակ, երբ կքվեարկեմ:

-Պարո՛ն Բոստանջյան, Դուք զղջո՞ւմ եք, որ վարչապետի նախորդ ընտրության ժամանակ կողմ քվեարկեցիք Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

-Դե, մարդը սխալական է: Համարեք, որ սխալմունք է եղել..:

-Իսկ այս դեպքում Ձեր դիրքորոշումը ո՞րն է: Ձեր խմբակցությունից կարծիք է նշվել, որ սատարելու եք ժողովրդի թեկնածուին:

-Այո, մեր դիրքորոշումն այն է, որ ժողովրդի կողմից ընդունելի թեկնածուի ձայն տրվի:

-Հիմա կարծես թե ժողովրդի համար ընդունելի է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, քանի որ նա առաջնորդեց մարդկանց պայքարի ընթացքում: Դուք կո՞ղմ եք այդ տարբերակին:

-Գիտեք ինչ, մենք կնայենք եւ կտեսնենք` ով է ժողովրդի համար ընդունելի, ցանկալի թեկնածու, եւ դրանով էլ կառաջնորդվենք:

-Այս անգամ Դուք այլեւս չե՞ք սխալվի ընտրության հարցում:

-Ամենայն հավանականությամբ..:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս