![](https://armlur.am/wp-content/uploads/2018/04/136428.jpg)
Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, ուղերձում մասնավորապես ասված է.
«Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները եւ լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ակնկալում եմ սերտ համագործակցել Ձեզ հետ Հայաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերում, այդ թվում՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի եւ ՄԱԿ-ի հայաստանյան թիմի միջոցով:
Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է ապավինել Հայաստանի աջակցությանն ու հանձնառությանը՝ համատեղ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին, մասնավորապես խաղաղության, անվտանգության եւ կայուն զարգացման բնագավառներում»: