Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի,
Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր
հավատարմատարին:
Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը մեծապես կարևորել է Եվրոպական երկրների և ԵՄ
հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը: Նախագահը խոսել է նաև տարվա
ընթացքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և
Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացման մասին:
Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Եվրոպական երկրների դեսպանները հույս
են հայտնել, որ ամեն ինչ պետք է կարգավորվի սահմանադրության շրջանակներում և կարևորել
Հանրապետության նախագահի դերը այդ գործում: