Հայաստանում կատարվող իրադարձությունների հանկարծակիությունը շատերի մոտ թյուր տպավորություն է ստեղծել, թե իրադրությունն աննախադեպային է: Մինչդեռ հայ հասարակությունն արդեն իսկ անցել է այս շրջանը 1988-1990թթ., երբ կոմունիստական կուսակցությունը ստիպված եղավ հանձնել իշխանությունը: Թերեւս անհամեմատելի է միայն շարժումների տեմպը, քանզի այսօր այն շատ արագ է զարգանում: Սակայն ինչպես 1990թ., այսօր նույնպես իշխող վարչախումբը ատամներով պիտի կառչած մնա իշխանությանը այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջովին չի սպառել իրեն եւ չի հեռացել վարչական լծակներից:
Թվում էր` Սերժ Սարգսյանի հեռանալը քարուքանդ պիտի անի ՀՀԿ-ին ու իշխող վարչակազմը: Եվ սա լիովին տրամաբանական էր մի քանի պատճառներով: Նախ` ցանկացած հեղափոխություն իր տրամաբանության մեջ պետք է իշխանության բազմեցնի իր առաջնորդին, ուստի Սարգսյանի հեռանալով պետք է ինքնըստինքյան հեռանային նաեւ իր շքախումբը եւ առաջին հերթին այն անձինք, որոնք նրան հռչակել էին անփոխարինելի ու նախկին կոնֆիգուրացիան պահպանելու ջատագովն էին` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Եվ սա պետք է տեղի ունենար հեղափոխության չգրված կանոնով ճիշտ այնպես, ինչպես ամբողջ աշխարհում եղել է դարերի ընթացքում:
Այնուհետեւ, քանի որ իշխանությունն ամբողջովին կառուցված էր Սերժ Սարգսյանի շուրջ, վերջինիս հեռանալը պիտի կազմաքանդեր նաեւ ՀՀԿ-ի միակուսակցականությունը: Սա ինչ-որ առումով տեղի ունեցավ, քանի որ առանց Սերժ Սարգսյանի, ուժային կառույցները ներփակվեցին` հրաժարվելով ճանաչել Կարեն Կարապետյանի գերիշխանությունն իրենց նկատմամբ: Ավելին` ՀՀԿ-ի զգալի մասը այսօր գտնվում է անորոշ վիճակում, ինչը լիովին բնական է: Եթե Սերժ Սարգսյանը չդիմացավ ճնշմանը, ապա ինչպես պետք է դիմադրի «օտար ու միայնակ» Կարապետյանը` ապահովելով անվտանգության հստակ երաշխիքներ ՀՀԿ-ի համար: Ի վերջո, Կարապետյանը երբեւէ չի մոռանալու, որ ՀՀԿ-ն իրեն մերժեց ու ստորացրեց Սերժ Սարգսյանի անփոխարինելիության դատարկախոսությամբ, իսկ ՀՀԿ-ն էլ չի կարող ներել իրեն արհամարհանքով վերաբերվող օտար առվակների շռնդալից մուտքը: Բայց եւ այնպես, համատարած այս անորոշության մեջ օրինաչափորեն աշխատում է ՀՀԿ-ականների բնազդը, որոնք զրկվել են Սերժ Սարգսյանի ամենակարող հովանավորությունից, բախվել են ինքնահաստատվող Կարեն Կարապետյանի պարտադրված ներկայությանը` չունենալով վերջինիս հանդեպ նվազագույն իսկ վստահություն, բայց նաեւ չիմանալով` արդյո՞ք կարելի է վստահել Շարժման ղեկավարությանը:
Իրավիճակը չափազանց նման է 1990թ. իշխանափոխության շրջափուլին: 2 տարի դիմադրելով հրապարակին` Կոմկուսը, ի վերջո, ստիպված եղավ զիջել իշխանությունը` օգոստոսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրելով ՀՀ ԳԽ նախագահ: Սակայն Կոմկուսը միանգամայն հեշտ ու կամավոր չէր, որ զիջեց իշխանությունը ներկայիս փոթորկահույզ իրադարձություններից էլ ավելի լարված այն օրերին: Դեռեւս 1990թ.` մայիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, Մոսկվան Շարժման դեմ հանեց իր ողջ արսենալը` պիտակավորումների, հակաքարոզչության ու մեղադրանքների հսկայական ծավալով փորձելով վարկաբեկել Շարժումն ու առաջնորդներին քվեարկությունից առաջ: Այսօր նույն ձեւով է վարվում Կարեն Կարապետյանի շրջապատը, ինչը հուշում է միանման ձեռագրի մասին: Այսօր արդեն համացանցում տիրող արշավը Շարժման դեմ, փողոցներում կազմակերպված անօրինությունները գալիս են մեկ կենտրոնից` փորձելով վճռական ճակատամարտին ընդառաջ առավելագույնս թուլացնել Շարժումը:
Նույն գիծն էր տարվում նաեւ 1990թ., երբ խորհրդանական ընտրություններում Կոմկուսը ամեն ջանք գործադրելով ստացավ խորհրդարանի մոտ կեսը: Իշխանությունը զիջելու անկամությամբ` Կոմկուսը ԳԽ նախագահի թեկնածու առաջադրեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանին: Սուրեն Հարությունյանի պաշտոնազրկությունից հետո Մովսիսյանը, ինչպես այսօր Կարեն Կարապետյանը, լայն հեղինակություն չէր վայելում ՀԿԿ շարքերում: Մովսիսյանը չէր համարվում այն թեկնածուն, որին ընտրելով` երաշխավորված էր Կոմկուսի հետագա պաշտոնավարումը: Ավելին` փողոցում կանգնած էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք չէին կարող հանդուրժել Կոմկուսի հաղթանակը: Խաղաղ հեղափոխությունը հաղթել էր, եւ Կոմկուսի պատգամավորներին մնում էր համակերպվել այդ իրավիճակի հետ:
Ի դեպ, Կոմկուսը այնժամ էլ լուրջ հակազդեցություն ցույց տվեց, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց միայն 4-րդ փուլում: Սակայն ՀԿԿ-ի պարկեշտ ու պետականամետ ներկայացուցիչները գիտակցեցին պահի լրջությունը` հանդես գալով Տեր-Պետրոսյանի թեկնածության պաշտպանությամբ: Մարդիկ ընկալեցին, որ հեղափոխությունը հաղթել է, որի առաջնորդին պետք էր հանձնել պետության ղեկը: Կոմկուսը, վայելելով Կրեմլի ջերմագին աջակցությունը, անշուշտ կարող էր դիմադրել ու ձեռքից բաց չթողնել իշխանությունը, բայց դա անխուսափելիորեն հանգելու էր քաղաքացիական պատերազմի: Դա կլիներ հեղաշրջում` ընդդեմ հրապարակի, կամ որ նույնն է` ժողովրդի իշխանության:
Այսօր Կարեն Կարապետյանը փորձում է Սերժ Սարգսյանի դեմ իր սկսած կուլիսային հեղաշրջումն ավարտին հասցնել` փաստի առաջ կանգնեցնելով հրապարակին: Սակայն դա հղի է ծայրահեղ վտանգավոր հետեւանքներով թե՛ Հայաստանի համար, թե՛ անձամբ Կարապետյանի: Վերջինս անկարող է ապահովել հանրապետականների իշխանավարության շարունակականությունը, քանզի համակարգը պարտվել է հեղափոխությանը: Այստեղ այլեւս Սահմանադրություն չի աշխատում, ինչի պատճառով ՀՀԿ-ն պետք է խորհրդարանում ընտրի հրապարակի թեկնածուին: ՀՀԿ-ն կամ Հայաստանը կհասցնի քաղաքացիական պատերազմի, կամ իրավական արձանագրում կտա հեղափոխության հաղթանակին: Կախված որոշումից` պարզ կդառնա նաեւ ՀՀԿ-ի ճակատագիրը: Ի դեպ, որպես հիշեցում, 1990թ. հետո Կոմկուսը ինքնակազմակերպվեց ու դարձավ լուրջ ընդդիմադիր կուսակցություն: Խորհրդային տարիներին հայ ժողովուրդը նաեւ երջանիկ օրեր է ունեցել, ինչը օգնեց Կոմկուսին չմերժելուն, բայց նույնը չես ասի ՀՀԿ-ի մասին, այն ասոցացվում է չարիքի հետ, անկախ նրանից` ո՞վ է ՀՀԿ ղեկին:
Ն. Հովսեփյան